Աբովյան փողոցի վրա գտնվող Մարկո Պոլո սրճարանը առնվազն 3 մետրով հետ են տալու, քանի որ սրճարանը զբաղեցնում է մայթի 90 տոկոսը, մինչդեռ պետք է հակառակը լինի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը` հավելելով, որ այժմ պատրաստվում է ժամանակացույց` Աբովյան փողոցի կապիտալ կառույցների ապամոնտաժման համար: 

Նրա խոսքով` Աբովյան փողոցի վրա նախատեսում են ունենալ «Փարիզյան սուրճ»  սրճարանի նման սրճարան` բացօթյա եւ ցուրտ եղանակներին հեշտ ապամոնտաժվող: Ինչ վերաբերում է Երեւանում շենքերը ներկելուն, գլխավոր ճարտարապետի խոսքով` դա զանգվածային պրոցես է եւ գույների առումով բոլորին գոհացնել հնարավոր չէ, տարբեր ճաշակներ կան. «Չի սխալվում նա, ով չի աշխատում»,- ասաց Նարեկ Սարգսյանը` հավելելով, որ Բժշկական համալսարանի գույնը եւս նրա համար անընդունելի է եւ առաջիկայում դա նորից կփոխվի: Անդրադառնալով Հյուսիսային պողոտային` գլխավոր ճարտարապետը նշեց, որ էական չէ, թե այնտեղ մարդիկ ապրում են, թե` ոչ, այնտեղ բարձր որակի շինարարություն է, բայց պողոտան դեռեւս անավարտ է, կանաչ գոտիների, շատրվանների եւ այլ խնդիրներ դեռ պետք է լուծվեն: Ի դեպ, առաջիկա երեք տարիներին Երեւանի կենրոնում մի շարք փողոցներ են կառուցվելու եւ վերակառուցվելու, իրականացվելու են մի շարք քաղաքաշինական ծրագրեր, այդ թվում` կառուցապատման, բարեկարգման, բակային տարածքների, վերակառուցումներ: Կառուցվելու են նաեւ թանգարաններ ու արձաններ: Այժմ աշխատանքեր են սկսվում Լալայանց եւ Պուշկին փողոցներն իրար կապելու ուղղությամբ: 

Գլխավոր ճարտարապետը տեղեկացրեց, որ կտեղադրվեն Գարեգին Նժդեհի, Մանթաշովի, Ֆրիտյոֆ Նանսենի եւ այլոց արձանները: Հոկտեմբերի սկզբին կբացվի Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը, օրակարգում է Հրանտ Մաթեւոսյանի տուն-թանգարանի հարցը, ինչպես նաեւ՝ Մնջախաղի թատրոնի շենքի խնդիրը, աշխատանքներ են իրականացվում, որ այն Հյուսիսային պողոտայում լինի: Ձեւավորվելու է նաեւ քաղաքաշինական նոր խորհուրդ, որի կազմի փոփոխությունը, Նարեկ Սարգսյանի խոսքով,  հենց խորհրդի կազմից անդամների ցանկությունն է: Նրա խոսքով` խորհուրդն աշխատում է բաց, նորմալ,  այնտեղ ընթանում են պրոֆեսիոնալ քննարկումներ եւ ձեռնպահ քննարկող մարդիկ խորհրդում չպետք է լինեն: