«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում սեպտեմբերի 10-ին մեկնարկում է կրթական երկու ծրագիր` «Օպ-արտ. Գույնի եւ ձեւի փոխակերպումներ» (5-11 տարեկան երեխաների համար) եւ «Տպագրական արվեստի ներածություն» (12-32 տարեկանների համար): Կրթական ծրագրերը կգործեն «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսի շրջանակներում: «ԱրմենՏելի» եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համատեղ ծրագրերն ուղղված են երեխաների եւ երիտասարդների մշակութային զարգացմանն ու գեղագիտական դաստիարակությանը», - ասել է «ԱրմենՏելի» Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսը, որին ներկայացված է Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուին պատկանող 44 ստեղծագործություն, բացվում է սեպտեմբերի 10-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում: Սրահի մուտքն ամբողջ օրվա ընթացքում կլինի անվճար: Ցուցահանդեսի բացումը կզուգորդվի նաեւ «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառմամբ: Այս անգամ այն կբացահայտի օպ-արտն` իբրեւ ժամանակակից արվեստի յուրահատուկ դրսեւորում: 20-րդ դարի արվեստի ակնառու ներկայացուցիչ Վիկտոր Վազարելին ծնվել է 1906թ. Հունգարիայի Պեչ քաղաքում: 1965թ. Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում օպտիկական արվեստին նվիրված Responsive Eye (Զգայուն աչք) ցուցադրությունից հետո Վազարելին հռչակվում է օպ-արտի նախահայր:Սահմանելով ձեւ-գույն միասնության սկզբունքը, Վազարելին ստեղծում է «գեղարվեստի այբուբենը», որի բաղկացուցիչ «հիմնատարրերը» գույնի եւ ձեւի վերադասավորումների ու փոխակերպումների արդյունքում առաջացնում են հորինվածքների անսահմանափակ համակցություններ:



























