Ապակե գորտերը կարող են 61 տոկոսով մեծացնել իրենց թափանցիկությունը՝ քնած ժամանակ իրենց արյան մեծ մասը պահելով լյարդում: Հետազոտողները հուսով են, որ հասկանալը, թե ինչպես է գորտերին հաջողվում այս կերպ հավաքել իրենց արյունը՝ առանց թրոմբներ առաջացնելու, կարող է նոր պատկերացումներ տալ այլ կենդանիների, ինչպես նաեւ մարդկանց, վտանգավոր թրոմբների կանխարգելման վերաբերյալ:
Արեւադարձային երկկենցաղներն իրենց օրերն անցկացնում են վառ կանաչ տերեւների վրա քնելով եւ մթության մեջ կեր փնտրելով։ Կիսաթափանցիկությունն օգնում է ապակե գորտերին աննկատ մնալ գիշատիչներից, բայց դա բարդ կենսաբանական խնդիր է, քանի որ կենդանիների մեծամասնությունը պետք է անընդհատ արյան կարմիր բջիջներ մղի ամբողջ մարմնով, որպեսզի թթվածինը հասցնի հյուսվածքներին:
«Թափանցիկությունը սովորաբար հազվադեպ է պատահում ողնաշարավորների մոտ»,- ասում է Ջեսսի Դելիան՝ Նյու Յորքի Բնական պատմության ամերիկյան թանգարանից: Ձկների եւ երկկենցաղների միայն մի քանի տեսակների է հաջողվել դա անել, այդ թվում՝ Ֆլեյշմանի ապակե գորտին (Hyalinobatrachium fleischmanni):
«Եթե չլիներ նրանց մեջքի կանաչ մաշկը, դուք հավանաբար կկարողանայիք թերթ կարդալ նրանց միջով»,- ասել է Դելիան:
Դելիան եւ նրա գործընկերները սկսել են ավելի մանրամասն ուսումնասիրել գորտերի թափանցիկությունը այն բանից հետո, երբ նկատել են, որ կենդանիները քնած ժամանակ շատ ավելի թափանցիկ են թվում, քան արթուն ժամանակ: Այսպիսով, հետազոտողները չափել են գորտերի անթափանցիկությունը՝ կենդանիների միջով լույսի տարբեր երկարության ալիքներ փոխանցելով, երբ նրանք ակտիվ են եղել եւ հանգստանալիս են եղել: Նրանք պարզել են, որ քնած ժամանակ գորտերը 61 տոկոսով ավելի թափանցիկ են դառնում։





























