Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարաժական համալսարանի հենակետային վարժարանի 12 դասարանների (10-12-րդ դասարաններ) 346 աշակերտներ տեղափոխվել են Ակսել Բակունցի անվան մանկավարժական քոլեջի շենք, ինչը ուսանողների շրջանում դժգոհությունների ալիք է բարձրացրել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բողոքող ուսանողները պատմեցին, որ այդ շենքում նվազագույն պայմաններ չկան` ոչ զուգարաններում, ոչ դասասենյակներում:

«Շատ վատ վիճակ է, անսարք, ջեռուցում չկա, ձմռանը շատ ցուրտ է լինելու, զուգարանները այնքան վատ վիճակում են, որ նույնիսկ մոտ չենք գնում, բուֆետ էլ չկա: Ինձ թվում է, որ մի քիչ արագ վազես սենյակում, կփլվի գլխիդ: Մեկ էլ տրանսպորտի խնդիր կա, երեխաներ կան, որ հեռու են ապրում եւ երկու տրանսպորտ են փոխում, որ հասնեն այդտեղ (Շենքը գտնվում է 3-րդ մասում- NEWS.am)»,- ասաց բողոքող  ուսանողներից մեկը, ում անունը նրա խնդրանքով չենք նշում:

Նրանք պաստառներով դասադուլ են արել, բայց ոչինչ չի փոխվել, նույնիսկ ասել են, որ «եթե այսպես շարունակեն, տնօրենին կհանեն աշխատանքից»:

Հենակետային վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ տեղափոխությունը պայմանավորված է համալսարանի շենքային ծանրաբեռնվածությամբ: Նրա խոսքով` համալսարանի մի մասնաշենքը վթարային է, ամբողջությամբ չի օգտագործվում, փակ վիճակում է, իսկ ուսանողների մի մասն անցած տարի դպրոցում էին դաս անում: «Այս տարի նրանք տեղափոխվել են, որ համալսարանում դաս անեն, երկհերթ աշխատում են համալսարանի բոլոր մասնաշենքերը: Հնարավորություն չկա վարժարանի երեխաներին տեղափոխելու»,- ասաց նա` հավելելով,որ Ակսել Բակունցի քոլեջը կառավարությամբ որոշմամբ միավորվել է համալսարանին, այդ շենքը եւս մեր համալսարանին է լինելու:

Վարժարանի տնօրենի խոսքով` դասերը նորմալ անց են կացնում, ոչ մի միտինգային տրամադրություն չկա: Նաիրա Սաֆարյանը նշեց, որ այդ տեղափոխումը ժամանակավոր է եւ ռեկտորը ասել է, որ մինչեւ հունվար կլուծվի շենքի հարցը: «Այդ քոլեջը 70 տարվա պատմություն ունի, հին շենք է, առանձնապես չի վերանորոգվել, երեւի թե հնարավորություն չեն ունեցել: Կարեւորը ուսումնական պրոցեսն է, որը նորմալ է»,- ասաց Նաիրա Սաֆարյանը: