Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում երեկ` սեպտեմբերի 9-ին կայացել է Զարուհի Պետրոսյանի գործով հերթական դատը: Հիշեցնենք, որ 20-ամյա Զարուհի Պետրոսյանի մահվան պատճառը ամուսնու` Յանիս Սարկիսովի պարբերաբար հասցվող դաժան ծեծերն էին:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտնում է, որ դատի ընթացքում վկայություն է տվել Զարուհու հարեւանուհին` անչափահաս Է.-ն, ով նշել է, որ վերջին շրջանում Զարուհին միշտ անտրամադիր ու տխուր էր, իսկ իր տատիկը Զարուհու մահից մեկ օր առաջ տեսել է, թե ինչպես է նրա ամուսինը քաշում Զարուհուն, վերջինս էլ կռացած էր ու ձեռքերով պահում էր որովայնի հատվածը:Դատի ընթացքում նաեւ հրապարակվել են երկու այլ վկաների ցուցմունքները, որոնք այժմ գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս:
Համաձայն այդ վկաների ցուցմունքների, նրանք ականատես են եղել, թե ինչպես է Յանիսը ծեծում իր կնոջը: Վկաներից մեկի ցուցմունքներում նշված էր, որ Զարուհին ցանկացել է բաժանվել իր ամուսնուց եւ պատմել է վկային այն մասին, որ ամուսնու հետ ապրելը դառել է անտանելի նրա պարբերաբար ծեծերի ու դաժան վերաբերմունքի պատճառով:
Ընթացքում հրապարակվել են նաեւ մի շարք ապացույցների հետազոտման արդյունքները:Դատի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել հետագա դատական լսումները իրականացնել դռնփակ: Դատավորը մերժել է միջնորդությունը:Դատական հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին:Հիշեցնենք, որ Զարուհի Պետրոսյանը մահացել է 2010թ. հոկտեմբերի 1-ին` ամուսնու կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետեւանքով:
Կնոջ ողբերգական մահից հետո 7 հասարակական կազմակերպություններ ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որը հետամուտ է լինում Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան դեպքի քննությանը եւ կոչ է անում իշխանություններին օրենքի սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որ նման դեպքերը ՀՀ-ում չմնան անպատիժ:



























