Ռուսաստանի կողմից մեզ ստիպելու մասին ուղիղ ես չեմ կարող ասել,  բայց  որ նպատակաների մեջ տեսանելի են, որ այդպիսի ցանկություններ շրջանառության մեջ գոյություն ունեն, կարող եմ ասել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 27-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ ՌԴ-ն մեզ ստիպում է միութենական պետություն կազմել:

«Ճնշումների մասին միշտ կարելի է խոսել, դեռ 90-ականներն կար միութենական պետություն ստեղծելու ծրագիր, ստորագրություններ էին հավաքում, կոորդինացիոն խումբ էր ստեղծված, Հայաստան, Ռուսաստան Բելառուս այդպիսի միության մասին էր խոսքը եւ այդ գաղափարը եկել, հասել է մինչեւ մեր օրեր: Վերջին հաշվով այս ամենը բերում, կապում են մեր անվտանգային միջավայրի կայունության եւ կայունությունը պահելու հետ, որը խոսում է այն մասին, որ այստեղ ինչ-որ բան այն չէ նպատակների ու ցանկությունների տեսանկյունից»,-ասաց նա:

Քոչարյանի խոսքով` տարօրինակ է, որ մոտ 20 օր Արցախը Հայաստանին կապող միջանցքը շարունակում է փակ մնալ եւ ՌԴ զորամիավորումները պարտավոր են այդ խնդիրը լուծել, քանի որ խնդիրը չի կարող լուծում չունենալ. «Միջանցքը փակ, նշանակում է շրջափակման մեջ պահել մեր հայրենակիցներին, իսկ դա հղի է շատ վատ հետեւանքներով: Վերջին հաշվով դա կարող է բերել պայթյունավտանգ լարվածության, որը ձեռք չի տա ոչ մեկի: Եթե նույնիսկ երկրների առաջին դեմքերի քննարկումների պարագայում միջանցքը մնա փակ, կստացվի, որ սա ունի այլ նպատակներ, կդառնա իրականություն, այդ ժամանակ մեր երկիրը, մեր ինքնիշխան պետությունը, պետք է իր քաղաքական ներուժը այնպես կառավարի, որ հնարավորինս հեռու պահենք մեր ժողովրդին հնարավոր զարգացումների նման սցենարից, բայց դա չի նշանակում,որ մենք պետք է գնանք այնպիսի զիջումների, որպեսզի իրականացվի ոչ թե մեր պետութան նպատակները, այլ ուրիշ պետությունների նպատակը»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ է անում կառավարությունը, որ միջանցքը փակելը հետագայում չկիրառվի, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ իրենք ամեն ինչ անում են, որ անվտանգային միջավայրը վերականգնվի:

«Մենք ստեղծել ենք Ներքին գործերի նախարարություն, ՀՀ-ն ստեղծում է արտաքին հետախուզություն, ՀՀ ԶՈՒ բարեփոխումների հետ կապված մենք ընդունել ենք 6 օրենքներ, որը տալիս է ամբողջությամ, նոր, պրոֆեսիոնալ բանակ ստանալու հնարավորություն: Տարածաշրջանում խախտվել է ռազմական բալանսը, որը պատճառ հանդիսացավ պատերազմի, թե 2016 թվականի ապրիլին, թե 2020 թվականին, այդ բալանսը պետք է  վերականգնվի մեր եւ հակառակորդ պետության միջեւ»,-ասաց նա:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կարծիքով` պետք է շարունակել Ադրբեջանի հետ երկխոսությունը, սակայն իրավիճակը կայունացնելուց հետո:

Նշենք, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Հայաստանին ստիպում է իր ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ինչպես նաև միանալ միութենական պետությանը, հայտնել էր  «Ազատությունը»։

Հանրային հեռուստաընկերության եթերում նա նշել է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը տեղավորվում են Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման շրջանակում։