Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հունվարի վերջին կկատարի առաջին պաշտոնական այցն Արգենտինա, այնուհետեւ կայցելի Միացյալ Նահանգներ, Պորտուգալիա եւ Չինաստան, տեղեկացրել է AFP-ն՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրին։

Դա Սիլվան կմասնակցի Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի պետությունների Համագործակցության (Celac) գագաթաժողովին, որը տեղի է ունենալու հունվարի 23-24-ին Բուենոս Այրեսում։

Դա Սիլվան, որը կիրակի երրորդ անգամ է երդվել որպես հարավամերիկյան երկրի նախագահ, ամերիկացի գործընկերոջ՝ Ջո Բայդենի հետ կհանդիպի Վաշինգտոնում, առայժմ «չնշանակված ուղեւորության» շրջանակում, նշել է աղբյուրը նախագահի գրասենյակում։

Չինաստան ուղեւորությունը տեղի կունենա մարտից հետո, տեղեկացրել է նույն աղբյուրը։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը չորեքշաբթի հաստատել է Բրազիլիայի նախագահի հրավերը, չնայած այցի օրը չի նշել։

«Չինաստանը մեծ նշանակություն է տալիս չին-բրազիլական համապարփակ ռազմավարական գործընկերությանը եւ ողջունում է նախագահ Լուլայի այցը Չինաստան երկու կողմերի համար հարմար ժամանակ»,- ճեպազրույցում ասել է պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

Բրազիլիայի նախագահը նաեւ հաստատել է, որ Պորտուգալիայում կգտնվի ապրիլի 22-25-ին։

Կոնգրեսում իր երդման խոսքում նա նա հայտարարել է աշխարհում Բրազիլիայի նոր դերի մասին՝ «հարավամերիկյան ինտեգրման» վերականգնման եւ «Միացյալ Նահանգների, Եվրոպական միության եւ Չինաստանի հետ բարձր եւ ակտիվ երկխոսության վերստեղծման» ճանապարհով։

Բրազիլիայի արտաքին գործերի նոր նախարար Մաուրո Վիերան երկուշաբթի, երդման արարողության ժամանակ հայտարարել էր, որ Բրազիլիան «վերականգնման հսկայական աշխատանք պետք է կատարի» Բոլսոնարուի կառավարման «աննախադեպ ձախողումից» հետո։