Շրի Լանկան վերսկսել է առեւտրային բանակցությունները Հնդկաստանի, Չինաստանի եւ Թաիլանդի հետ 4 տարվա ընդմիջումից հետո, քանի որ ճգնաժամից տուժած երկիրը ձգտում է գործարքներ կնքել, որոնք կօգնեն նրան վերականգնել տնտեսությունը, հաղորդում է Reuters-ը:

22 միլիոն բնակչություն ունեցող երկիրը վերջին յոթ տասնամյակների ընթացքում ամենավատ ֆինանսական ճգնաժամն է վերապրում, որն առաջացել է արտարժույթի խիստ պակասի պատճառով։ Դժվարություններ կան վառելիքի, սննդի եւ դեղորայքի վճարման հարցում:

Թաիլանդի պաշտոնյաները երկուշաբթի պետք է ժամանեն Շրի Լանկա՝ բանակցությունների երրորդ փուլը սկսելու համար այն բանից հետո, երբ բանակցությունները դադարեցվել են 2018 թվականին։

Ակնկալվում է, որ Հնդկաստանի եւ Չինաստանի՝ Շրի Լանկայի խոշորագույն առեւտրային գործընկերների հետ բանակցությունները, որոնց բաժին է ընկնում մոտ 5 մլրդ դոլար երկկողմ առեւտրում 2021 թվականին, կսկսվեն փետրվարին եւ մարտին։  

2021 թվականին Թաիլանդի եւ Շրի Լանկայի միջեւ երկկողմ առեւտրի ծավալը կազմել է մոտ 460 միլիոն դոլար՝ ըստ Շրի Լանկայի Կենտրոնական բանկի տվյալների։