Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի հետ երկխոսության համար Ռուսաստանի բաց լինելու մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսական կողմից շեշտը դրվել է արեւմտյան պետությունների ապակառուցողական դերի մասին, որոնք Կիեւի ռեժիմին մատակարարում են սպառազինություն եւ ռազմատեխնիկա, տրամադրում օպերատիվ տեղեկատվություն։

Հակամարտության քաղաքական կարգավորման նպատակով Թուրքիայի միջնորդությանը Ռեջեփ  Էրդողանի մատնանշած պատրաստակամության լույսի ներքո Վլադիմիր Պուտինը կրկին հաստատել է լուրջ երկխոսությանը Ռուսաստանի բաց լինելը՝ պայմանով, որ Կիեւի իշխանությունները կկատարեն հայտնի եւ բազմիցս հնչեցված պահանջները եւ հաշվի կառնեն նոր տարածքային իրողությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ ուկրաինական հացահատիկի արտահանման եւ Ռուսաստանից պարենի եւ պարարտանյութերի մատակարարումների ապաշրջափակման վերաբերյալ 2022 թվականի հուլիսի 22-ի ստամբուլյան պայմանավորվածությունների գործողությունը դիտարկելիս ընդգծվել է բարեխիղճ համալիր մոտեցման անհրաժեշտությունը, որը ենթադրում է ռուսական արտահանման բոլոր խոչընդոտների վերացում։ 

Ուշադրություն է դարձվել սիրիական կարգավորման հեռանկարներին։ Դրական գնահատական է տրվել 2022 թվականի դեկտեմբերին Մոսկվայում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Սիրիայի հետախուզական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտպանության նախարարների հանդիպմանը։ Կողմերը հույս են հայտնել, որ նման եռակողմ ձեւաչափով շփումների զարգացումը կնպաստի Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրադրության արմատական բարելավմանը, ներառյալ նրա տարածքային ամբողջականության վերականգնումը, փախստականների խնդրի լուծումը եւ միջազգային ահաբեկչական կառույցների դեմ պայքարի խնդիրները։

Կողմերը քննարկել են առեւտրատնտեսական կապերի հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր, առաջին հերթին՝ էներգետիկայի ոլորտում։ Նշվել է ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի համատեղ նախագծերի իրականացման առաջնահերթ նշանակությունը, ինչպիսիք են Թուրքիայում տարածաշրջանային գազային հանգույցի ստեղծումը եւ «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցումը»,-ասվում է հաղորդագրության մեջ։