Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է արագացնել Ռուսաստանում բելառուսական նավահանգիստների շինարարությունը։ Այս մասին նա հայտարարել է բելառուսական ապրանքների արտահանման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ԲԵԼԹԱ-ն։

Լուկաշենկոն հայտարարել է, որ անցյալ տարի Բելառուսին «խեղդելու» փորձերի կապակցությամբ պատժամիջոցներով խախտվել է լոգիստիկան։ Ստիպված է եղել նոր լոգիստիկ ուղիներ փնտրել։

Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսի համար այժմ լավ հնարավորություն է ստեղծվել սեփական նավահանգստային ենթակառուցվածքը ստեղծելու համար։ «Ինչի մասին մենք վաղուց էինք երազում։ Ռուսաստանի Դաշնությունը մեզ համար դռներ է բացել բոլոր մակարդակներում։ Համենայնդեպս, Ռուսաստանի նախագահի կողմից, որի հետ ես բանակցել եւ բանակցում եմ այդ հարցերի շուրջ, որեւէ խոչընդոտ չկա»,-ասել է նա։

«Մենք ժամանակ չունենք սպասելու մինչեւ այս կամ այն ենթակառուցվածքը կառուցվի ինչ-որ նավահանգստում։ Այսօր մենք հիմնականում խոսում ենք Ռուսաստանի Դաշնության հյուսիսարեւմտյան շրջանի մասին: Ռուսաստանի նախագահն անձամբ ինձ ցույց տվեց Պետերբուրգի եւ դրա շուրջը բոլոր նավահանգիստները եւ առաջարկեց՝ «ընտրեք ցանկացած ուղղություն»։ Բայց ես նրան ասացի, որ մենք այսօր պետք է բեռնենք։ Ասում է՝ «ցանկացած ուղղություն ընտրեք եւ սկսեք բեռնել»։ Ուստի քանի դեռ մենք կառուցում ենք, պարկերով կբեռնենք։  Բնականաբար, 12 մլն տոննա եւ ավելի պարկերով չես բեռնի, բայց, այնուամենայնիվ, դա խոսում է այն մասին, որ մենք արդեն այսօր պետք է բառացիորեն ռուսական նավահանգիստների յուրաքանչյուր ազատ քառակուսի մետրի վրա մեր ապրանքները բեռնենք»,-հավելել է Լուկաշենկոն։