Արդեն երկրորդ անգամ Երևանի «Հայ-չինական բարեկամության» դպրոցում չի հաջողվում տնօրեն ընտրել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին դպրոցի ուսուցիչներն ու ծնողները։ Տնօրենի թափուր հաստիքի համար առաջին ընտրությունը նախորդ տարվա նոյեմբերին է տեղի ունեցել, որին ինչպես այս անգամ, հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը՝ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը, չի ներկայացել, ըստ այդմ քվորում չի եղել, ընտրությունն էլ չեղարկվել է։ Դպրոցի ծնողներից Արմեն Սարգսյանը ասաց, որ դիտավորություն են տեսնում ընտրությունները տապալելու մեջ, մտավախություն ունեն, որ դրսից ինչ-որ մեկին ժամանակավոր պաշտոնակատար կնշանակեն ու որակյալ կրթություն ապահովող դպրոցը կքանդեն։
Դպրոցի տնօրենի հաստիքի համար հայտ է ներկայացրել երկու թեկնածու՝ գործող տնօրեն Սպարտակ Վարդանյանը և Տաթև Մելքոնյանը։ Նոր թեկնածուին, Արմեն Սարգսյանի խոսքով, դեմ են և ծնողները, և ուսուցիչները։ «Աղմուկով դուրս եկավ Չեխովի դպրոցից, տարան Հարավ արևմտյան թաղամասի դպրոցներից մեկում ժամանակավոր պաշտոնակատար, էլի խնդիրներ ունեցավ այդ դպրոցում ու չնշանակվեց տնօրեն, հիմա էլ այդ անձն ուզում է դառնալ մեր դպրոցի տնօրեն»,- ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա սկզբին՝ ապրիլի 1-ին, Երևանի Չեխովի անվան N 55 դպրոցի ուսուցիչները, աշակերտները եւ նրանց ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել՝ դժգոհելով դպրոցի տնօրենի ընտրության արդյունքներից։ Այդ ընտրություններին տնօրենի թեկնածու էր նաև դպրոցի ուսմասվար Տաթև Մելքոնյանը, որը սակայն չընտրվեց այդ պաշտոնում։
Այսօր «Հայ-չինական բարեկամության» դպրոցի ծնողները նաև դիմում-բողոք են գրել ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով ապահովել դպրոցի բնականոն աշխատանքը և գործող տնօրեն Սպարտակ Վարդանյանին պաշտոնավարումը շարունակելու հնարավորություն տալ։





























