Դրամատուրգ Կարինե Խոդիկյանն իր հյուրերին օդանավակայանից Մոսկվա ճանապարհելիս նկատել է եւ խիստ զգացվել, որ մարդիկ Հայաստանից հեռանում են ոչ թե արտասվելով, ինչպես նախկինում էր, այլ արհամարհանքով եւ թշնամանքով։ Այս մասին նա պատմեց սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Գնացողների աչքերի մեջ այնպիսի մի ատելություն կա։ Բայց ո՞ր մեկն է նստում ու մեկնողների լացը լացում՝ սկսած արտագաղթի դեմն առնող պետական պատկան մարմիններից մինչեւ կուսակցություններ ու հասարակություն»,- հռետորական հարց հնչեցրեց նա։Խոդիկյանի խոսքով, «եթե տղամարդը գնում է աշխատանքի եւ չի կարողանում իր ընտանիքը պահել, պարզ չէ՞, որ պիտի գա ու մուռը թափի ընտանիքի վրա»։
«Մի անգամ կինը փող կուզի, երկրորդ անգամ, բայց հենց դրանից էլ ագրեսիան առաջանում է։ Եթե մարդն արհեստ եւ ներուժ ունի եւ չի կարողանում դրանով փող վաստակել, իսկ երեկվա դուրսպրծուկները միլիարդներ են շաղ տալիս, դա եւս ագրեսիա է ծնում»,- համոզմունք հայտնեց դրամատուրգը։
Ամփոփելով՝ նա նկատեց, որ չունենք այն պետությունը, որը կպաշտպաներ քաղաքացուն։ «Դրա համար էլ մանկատներում երեխաներին ինչ ուզում, անում են (նկատի ունի մանկապղծության դեպքերը՝ խմբ.), դրա համար էլ մեր թոշակառուները թոշակ ստանալու համար ժամերով հերթ են կանգնում»,- ասաց Խոդիկյանը։


























