Շվեդիան իր նորագույն պատմության մեջ գայլերի ամենամեծ որսն է սկսել, ինչը զայրացրել է  կանաչ ակտիվիստներին եւ Բրյուսելում դատավարության առիթ հանդիսացել, գրել է Politico-ն։

Գայլերի՝ կառավարության կողմից հաստատված ոչնչացման ծրագիրը, որը կտեւի մեկ ամիս, թույլ է տալիս որսորդներին կրակել 75 գայլի մի քանի շրջաններում, որպեսզի նվազեցվի այն սպառնալիքը, որը նրանք ներկայացնում են ֆերմերների, ընտանի կենդանիների եւ բնակիչների համար։

Գիտնականները եւ ոչ կառավարական կազմակերպությունները դեմ են գայլերի ոչնչացմանը՝ հավաստիացնելով, որ այն սպառնում է խոցելի տեսակների գոյատեւմանը։ Ոմանք նաեւ նշում են, որ ԵՄ-ը չի կարող հանդես գալ վայրի կենդանիների պաշտպանության օգտին աշխարհի այլ մասերում, այն դեպքում, երբ արմատախիլ է անում գիշատիչներին իր տանը։ Սա «աղետ» է, ասել է Շվեդիայի բնության պահպանության ասոցիացիայի վայրի բնության վարչության խմբի ներկայացուցիչ Դանիել Էքլբոմը։

Նրա խոսքով՝ մի քանի տասնյակ գայլերի ոչնչացումը կարող է «շատ, շատ բացասական ազդեցություն ունենալ պոպուլյացիայի վրա, որն ընդամենը մոտ 460 առանձնյակ ունի եւ գենետիկորեն մեկուսացված է համարվում այն բանից հետո, երբ երկրորդ անգամ նրան այստեղ են բերել 1980-ական թթ.։

Շվեդիայում գայլերի պոպուլյացիան ամենամեծն է դիտարկումների ամբողջ ընթացքում, բայց շատ ավելի  ցածր է, քան եվրոպական այլ երկրներում։ Իտալիայում կա մոտ 3 300 գայլ, Լեհաստանում՝ մոտ 1 886, Ֆրանսիայում՝ 783 գայլ։

Շրջակա միջավայրի պահպանության շվեդական գործակալության տվյալներով՝ գայլերի պոպուլյացիան երկրում պետք է 300-ից բարձր մնա, որպեսզի այդ տեսակը համարվի բարենպաստ բնապահպան կարգավիճակ ունեցող՝ ԵՄ օրենքներին համապատասխան։