Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում շատ տների դռներ այսօր փակ են: Վերջին երկու տարիներին գյուղից սկսել են հեռանալ ընտանիքներով: «Եթե մինչեւ 2009 թվականը գյուղն ուներ 250 տնտեսություն, ապա ներկա պահին այդ թիվը 180 է: Սկզբում գնում էին տղամարդիկ, հիմա ընտանիքներին էլ են տանում, որովհետեւ գյուղում նորմալ ապրելու հեռանկարներ չկան»,- NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ախուրիկի ամենատարեց բնակիչը՝ 82 ամյա Գրիգոր Մելքոնյանը:
Դեռ երկու տարի առաջ ախուրիկցին լավատես էր: Հիմա հողը մշակելու հնարավորություն չունի, իսկ հիմնական զբաղմունքը շատերի համար անասնապահությունն է:
«Հողերի հիմնական մասն այս տարի Ախուրիկում խոպան ու անմշակ է մնացել: Հացահատիկ չկարողացանք ցանել, քանի որ սերմացու ձեռք բերելու հնարավորություններ չկար: Որոշ մասը բանջարաբոստանային կուլտուրաներ է մշակել, սակայն ստացած բերքից դժգոհ է»,-ասել է Ախուրկի բնակիչ Վարդան Ղազարյանը: Գյուղը ոռոգման ջրի համակարգ գյուղը չունի, տնամերձ հողատարածքները շատերը ժամանակին ոռոգել չեն կարողացել:
Ախուրիկցիները հաշվարկներ են կատարել ու հանգել այն եզրակացությանը, որ հողի հետ աշխատելն այլեւս եկամտաբեր չէ, ավելի շատ գումար ծախսում են, քան եկամուտ ստանում: Բացի դրանից լուծված չէ նաեւ բերքի ապահովագրության հարցը: Դրա համար էլ որոշել են նոր գյուղատնտեսական տարում եւս հողագործությամբ չզբաղվել, փոխարենը՝ զարգացնել անասնապահությունը:
Նշենք որ համաշխարհային բանկի ֆինանսավոմամբ Ախուրիկում մեկնարկել է գյուղի երկու կամուրջների եւ դեպի գյուղ տանող հիմնական ճանապարհի վերանորոգման աշխատանքները:


























