Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ, Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի Ախալքալաք քաղաքի փոխառաջնորդարանում կայացել է Վիրահայոց թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միության համաժողով՝ «Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին վիրահայ երիտասարդների կյանքում» թեմայով: Համաժողովին աջակցել են ՀՀ Սփյուռքի եւ Մշակույթի նախարարություններն ու «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը»:

Վիրհայոց թեմի Մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովին մասնակցել են շուրջ 30 վիրահայ երիտասարդներ Թբիլիսիից, Բաթումիից, Սամցխե-Ջավախքից եւ Վրաստանի այլ շրջաններից:

Համաժողովին երիտասարդները քննարկել են վիրահայության համար արդիական խնդիրներ, ինչպիսիք են՝ «Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը երիտասարդների կյանքում» (զեկուցողներ՝ Միխեիլ Ավագյան եւ Ջենարա Պետրոսյան), «Երիտասարդները եւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, միջերիտասարդական համագործակցություն» (զեկուցողներ՝ Լալա Գեւորգյան եւ Սեդա Ասլանյան), «Աղանդավորություն եւ իրավիճակը շրջաններում»  (զեկուցող՝  Ինեսսա Սարուխանյան):

Ընթերցված զեկույցների շուրջ ծավալվել են աշխույժ գործնական քննարկումներ: Երիտասարդները մտահոգություն են հայտնել ինչպես աղանդավորության, այնպես էլ կրավորական երիտասարդ զանգվածների համար, ովքեր տարաբնիկ ազդեցությունների ներքո հեռանում են ազգային-եկեղեցական եւ հոգեւոր-մշակութային կյանքից: Հանդիպմանը կարեւորվել է նաեւ Մայր Հայրենիքի եւ  Սուրբ Էջմիածնի հետ ամուր կապերի հաստատումը, ինչպես ուխտագնացությունների կազմակերպման միջոցով, այնպես էլ Հայաստանում կազմակերպվող համահայկական միջոցառումներին գործունյա մասնակցություն բերելով:

Ժողովականների կողմից որոշում է կայացվել Թբիլիսիում սովորող, շրջաններից եկած հայ ուսանողների հետ հաստատել սերտ կապեր, արագացնել հովվություններին կից եկեղեցասեր երիտասարդաց կառույցների ձեւավորումը:

Վերջում որոշում է կայացվել հաջորդ հավաքը դեկտեմբերին կազմակերպել Թբիլիսիում: