Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ «Աստղավարդ» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում իրականացնում են «Կարում ենք ինքներս» ծրագիրը։
Հիմնադրամի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի շրջանակներում անապահով եւ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար կկազմակերպվեն կար ու ձեւի դասընթացներ: Ծրագրի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց հասարակությանն ինտեգրումն է եւ նրանց ֆինանսական, հոգեբանական վիճակի բարելավումը:
Նշենք, որ Վարդենիսը ՀՀ հեռավոր տարածաշրջաններից է, որտեղ ապրում են հաշմանդամ երեխա ունեցող 230 ընտանիքներ եւ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երիտասարդներ։ Աշխատատեղերի բացակայության պատճառով նրանք չեն կարողանում լուծել իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները:
Շատ երիտասարդ աղջիկներ եւ կանայք չունեն մասնագիտություն եւ որեւէ զբաղմունք:
«Կարում ենք ինքներս» ծրագիրը մասնագիտական կրթություն կապահովի նրանց համար: Ընտրված է այնպիսի մասնագիտություն, որն անհրաժեշտ է առօրյա կյանքում: Ունենալով դերձակի մասնագիտություն` նրանք կարող են գտնել աշխատանք կամ ստեղծել արհեստանոցներ եւ ունենալ սեփական բիզնես: Դասընթացի ավարտին կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն դասընթացի մասնակիցների աշխատանքները։
Նշենք, որ «Աստղավարդ» ՀԿ-ն այն 8 կազմակերպություններից է, որոնք հաղթել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ ԿԳՆ կողմից կրթության ոլորտում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար հայտարարված դրամաշնորհների բաց մրցույթի արդյունքում։


























