Շրջափակման պատճառով միմյանցից բաժանված ընտանիքները դաժան բարոյական տառապանքների են ենթարկվում։ Այս մասին ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Էլեոնորա Ավանսեյանը Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամրջի ժամանակ։

«Դա շատ լուրջ հոգեբանական խնդիր է։ Եթե նախնական փուլում ծնողները եւ երեխաները, բաժանված ազգականները փորձում էին քաջալերել միմյանց, ապա այժմ նրանք անորոշություն են զգում։ Ստեղծվել են արագ արձագանքման խմբեր, նրանք այցելում են ընտանիքներ, օգնում լուծել խնդիրները։ Բայց բոլոր խնդիրներրը չէ, որ նյութական բնույթի են, հոգեբանական խնդիրների դեպքում ամեն բան շատ ավելի լուրջ է։ Իրավիճակը բարդ է։ Երեխաները տառապում են առանց ծնողների, եւ շատ խնդիրներ կարող են լուծվել միայն ծնողների օգնությամբ»,- նշել է Ավանեսյանը։

Ինչպես արդեն բազմիցս տեղեկացվել է, Ադրբեջանի կողմից միակ ճանապարհի փակումը Արցախը լիովին կտրել է արտաքին աշխարհից։ Հազարավոր արցախցիներ, մայրեր եւ հայրեր չեն կարողանում վերադառնալ երեխաների մոտ, հարյուրավոր երեխաներ չեն կարողանում վերադառնալ ծնողների մոտ։