Մենք կողմ ենք երկխոսությանը, բայց այն թեմայի շուրջ, որը կարեւոր ենք համարում, հենց քաղաքական երկխոսություն, այլ ոչ թե տեխնիկական երկխոսություն, ինչն առաջարկում էր Ադրբեջանը։ «Արցախի շրջափակման մեկ ամիսը» թեմայով Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության պետական ​​նախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն կողմերից յուրաքանչյուրը պետք է մնար իր տեղում, այդ համատեքստում՝ մատնանշելով իրավիճակը փոխելու պարբերական, հետեւողական փորձերը։

«Մենք պատրաստ ենք երկխոսության, բայց ոչ այն ռեժիմով, որ քայլ առ քայլ հանձնենք այն, ինչն ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության չպետք է լինի, այլ այն պայմաններով, որոնց դեպքում հնարավոր է հարեւանների միջեւ ինչ-որ խոսակցություն։ Ցավոք, Ադրբեջանը հրաժարվում է։ Ամբողջ խոսակցությունը տեխնիկական մակարդակով էր եւ որեւէ խոսակցություն չի եղել այն մասին, որպեսզի լուծվի քաղաքական հարցը, որը կա»,- ասաց Վարդանյանը։