ԱՄՆ Ռոդ Այլընդ նահանգի Պրովիդենս քաղաքում, սեպտեմբերի 10-ին, տեղի է ունեցել ՀՀ անկախության 20 ամյակին նվիրված «Ողջույն Հայաստան» խորագրով համերգ: Ի թիվս 1000-ից ավելի մասնակիցների` համերգին ներկա են եղել ԱՄՆ սենատոր Շելդոն Վայթհաուզը, Ռոդ Այլընդի քաղաքապետեր, մունիցիպալ իշխանության եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Համերգը, որը ղեկավարել է ամերիկաբնակ դիրիժոր Կոնստանտին Պետրոսյանը, անցկացվել է ՄԱԿ-ում եւ ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հովանու ներքո:Որպես օրվա բանախոս, ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը` կարեւորելով Հայաստանի անկախության ամրապնդման հարցում սփյուռքի դերակատարումը:

Անդրադառնալով արտաքին քաղաքականության ուղղություններին` նա նշել է, որ ցեղասպանության ճանաչումը եւ կանխարգելումը, տարածաշրջանային խաղաղության պահպանումը Հայաստանի համար համարվում են կարեւորագույն խնդիրներ, որոնց լուծման հարցում էական է գործընկեր պետությունների հետ բազմակողմ համագործակցությունը:

Դեսպան Նազարյանը հավելել է, որ ՄԱԿ-ում Հայաստանն ակտիվորեն ներգրավված է սոցիալական, տնտեսական, կայուն զարգացման, ինչպես նաեւ անդրազգային հանցագործության` այդ թվում ահաբեկչության դեմ պայքարի հարցերի քննարկմանը, եւ որ այդ բնագավառում ՀՀ ջանքերը եւ քայլերը կարեւորվում եւ գնահատվում են միջազգային հանրության կողմից: Այս համատեքստում  դեսպանն անդրադարձ է կատարել 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ողբերգությանը:Ռոդ Այլընդի Ֆիլարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի եւ նահանգի հայ համայնքի երգչախմբերի կատարմամբ հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Սամուել Վարդի եւ այլոց ստեղծագործությունները: