Ես բանակցություններին չեմ մասնակցում։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, «Արցախի շրջափակման մեկ ամիսը» թեմայով Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա պարզաբանեց, որ Արցախի իշխանությունները համագործակցում են ռուս խաղաղապահների հետ։ «Ես բանակցությունների մասին տեղեկություն չունեմ»,-հավելեց Վարդանյանը։ 

Միաժամանակ պետնախարարը հավաստիացրեց, որ ՄԱԿ-ում ընթացող գործընթացների մասին տեղեկություն չունի։

Ռուբեն Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ ներկայիս իրավիճակն անընդունելի է ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ սփյուռքի համար: «Մենք աշխատում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ստեղծվել են աշխատանքային խմբեր, բայց թե որքանով են դրանք արդյունավետ, այլ հարց է»,-նշեց պետնախարարը։

Նա համոզմունք հայտնեց, որ ճգնաժամի նկատմամբ միջազգային ուշադրությունը պետք է մեծանա, եւ սփյուռքը կարող է օգնել միջազգային հանրությանը ճշմարտացի տեղեկատվություն հասցնելու եւ Բաքվի վրա ճնշում գործադրելու հարցում:

«Հայությունը պետք է ցույց տա, որ խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների նկատմամբ Ադրբեջանի պահվածքն անընդունելի է լինելու քաղաքակիրթ աշխարհի համար։ Բայց նախքան միջազգային հանրությունից արձագանք պահանջելը շատ կարեւոր է հստակ ձեւավորել մեր տեսակետը, հակառակ դեպքում մենք կփորձենք անընդհատ հարմարվել դրսից ներկայացվող պահանջներին»,-եզրափակեց Ռուբեն Վարդանյանը։