Կիսաճշմարտությունը հանգեցրեց նրան, ինչին հանգեցրեց ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում։ Եթե մենք դա հաղթահարենք մեր ներսում, մենք կհաղթահարենք ամեն ինչ: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, «Արցախի շրջափակման մեկ ամիսը» թեմայով Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա պարզաբանեց, որ Արցախի բնակիչների շրջանում անարդարության զգացում կա, քանի որ նույն սպառնալիքների առջեւ կանգնած տարբեր մարդիկ տարբեր կերպ են ապրում։
«Դու պայքարում ես, եթե հավատում ես, իսկ հավատում ես, երբ ազնիվ ես։ Բնակչության 1-3 տոկոսը փորձում է այլ կերպ ապրել, քան մյուսները: Եթե ես չխոսեմ այդ երեւույթների մասին, դա կնշանակի, որ կամ ես չեմ ուզում ընդունել իրականությունը կամ աջակցում եմ դրանց։ Ես դրանց չեմ աջակցում։ Ես կպայքարեմ այդ երեւույթների դեմ։ Սա դժվար ճանապարհ է, եւ պետք չէ վախենալ այդ երեւույթների մասին խոսելուց։ Եթե 1-2 ամիս հետո բենզինը չբավականացնի՝ հիվանդներին տեղափոխելու համար, քանի որ «լավ տղաներն» ավելորդ վառելիք են օգտագործել, ապա նրանք ամոթ կզգան, քանի որ շրջափակման պայմաններում դա անընդունելի է»,-հավելեց Վարդանյանը։



























