Թուրքական արխիվները բացվել են Անկարայի համար վտանգավոր փաստաթղթերի հեռացումից հետո միայն։ Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը։
«Թուրքական արխիվներում զտումներ իրականացվել են եւ 20-ական, եւ 90-ական թվականներին։ Արխիվները բացվել են միայն այն բանից հետո, երբ այնտեղ մնացել էին պակաս վտանգ ներկայացնող փաստաթղթերը։ Սակայն ճիշտ մեկնության դեպքում նույնիսկ դրանք են դառնում Հայոց ցեղասպանության հերթական ապացույցը»,- հայտարարեց Հովհաննիսյանը։
Այսպես, արխիվում հիշատակումներ կան այն մասին, որ արտաքսման մասին օրենքն օսմանյան կառավարության կողմից ընդունվել է միայն 1915 թվականի մայիսին, այն դեպքում, երբ հայկական ջարդերի սկիզբ համարում են ապրիլը։
«Սրա հիման վրա թուրք պատմաբանները պնդում են, որ քանի որ Ցեղասպանության մասին հայտարարություններն սկսել են տարածվել մինչեւ արտաքսման մասին օրենքի ընդունումը, ապա դրանք պետք է համարել Անտանտի քարոզչություն։ Սակայն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ օրենքն ընդունվել է հետին թվով՝ հայերի իրական արտաքսումն սկսելուց մի քանի ամիս անց»,- նկատեց մասնագետը։
Եւս մեկ վկայություն, որ թուրքերը հայ որբերին ընդունել են իրենց ընտանիքներ, դառնում է քննարկման լուրջ առարկա, երբ ուսումնասիրողների մոտ հարց է ծագում, թե որտեղի՞ց հայտնվեցին այդ որբերը։ Նրա կարծիքով, թուրքական արխիվների բացումը եւ ուսումնասիրությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում Թուրքիայի վերջին փաստարկն է։ «Անկարան շեշտը դնում է հենց այն հանգամանքի վրա, որ Օսմանյան կայսրության ոչ բոլոր արխիվներն են ուսումնասիրվել պատմաբանների կողմից՝ առաջարկելով ստեղծել համատեղ պատմական հանձնաժողով»,- նկատեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, թուրքական կողմը փորձել է խաղալ նաեւ այլ ասպեկտում՝ հայտարարելով, որ Հայաստանն, ի տարբերություն Թուրքիայի, իր արխիվներն այդպես էլ չի բացել։ «Սակայն 80-ականների վերջին եւ 90-ականների սկզբին հայկական արխիվների հասանելիությունը հանրահայտ փաստ է։ Փակ են համարվում միայն ԱՄՆ-ում գոյություն ունեցող ՀՅԴ արխիվները»,- ամփոփեց Հովհաննիսյանը։


























