Երեւանից, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի երիտասարդական կենտրոնի մոտից (Աբովյան 50/5), սեպտեմբերի 14-ին, անվասայլակներով բեռնված մեքենաները կուղեւորվեն Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզեր։

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հաշմանդամների «Փյունիկ» միության հետ համատեղ իրականացնում է «Հանուն հավասար հնարավորությունների» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում մարզերում բնակվող 120 հաշմանդամ մարդկանց, ովքեր ունեն անվասայլակի կարիք, կտրամադրվեն սայլակներ։  

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ «Փյունիկ» միությունը նախապես ճշտել են սայլակի կարիք ունեցող մարդկանց տվյալները։ Մարզաբնակ շատ հաշմանդամներ այսօր տրանսպորտային եւ ֆինանսական խնդիրների պատճառով դժվարանում են անվասայլակի ձեռքբերման հարցում։ «Հանուն հավասար հնարավորությունների» ծրագիրը կօգնի հաշմանդամություն ունեցող մարդկանց լուծել իրենց համար խիստ կարեւոր այս հարցը։