«Նարեկացի» արվեստի միության ցուցասրահում, այսօր` սեպտեմբերի 13-ին, անհատական ցուցահանդեսի բացում է. «99 Pleasant» խորագրի ներքո լուսանկարների ու լուսանկարչական կոլաժների յուրօրինակ համադրությամբ` կցուցադրվեն ռեժիսոր Ժիրայր Աղավելյանի աշխատանքները:
Սրահում ներկայացվող ցուցադրանքին զուգահեռ` սահող տեսաֆիլմի ձեւաչափով, կներկայացվեն նաեւ արվեստագետի գեղարվեստական ու վավերագրական լուսանկարների ու լուսանկարչական կոլաժների տեսաշարերից կազմված երեք ֆիլմ, որոնցից մեկի՝ «Յուպիտերի» համար երաժշտությունը հեղինակել է հենց ինքը` Ժիրայր Աղավելյանը: Հայ ռեժիսորը, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում ու երբեք չի ապրել անկախ Հայաստանում, ցուցահանդեսը նվիրում է Հանրապետության անկախության հոբելյանական 20-ամյակին: «99 Pleasant»-ը բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 17-ը:
Ժիրայր Աղավելյանը ծնունդով Հայաստանից է, սակայն 1991-ից ի վեր բնակվում է ԱՄՆ-ում: Լինելով Լենինգրադի Կուլտուրայի ինստիտուտի Կինոյի բաժնի շրջանավարտ, հետո նաեւ Երեւանի կենտրոնական հեռուստաալիքի` այժմ Հ1, ռեժիսոր, նա հեղինակել է շուրջ մեկ տասնյակ գեղարվեստավավերագրական, այդ թվում՝ միջազգային փառատոնների մասնակից կինոնկարներ «Վարդանանք» /1984թ./, «Քարերի սիմֆոնիա» /1987թ./, «Լավաշ» /1988/, «Ո՞վ է նա` Էդվարդ Ղազարյանը» /1985թ./, «Հավերժի ճամփորդը» /1989թ./ «Նռան ճյուղերով բոցուն» /1989թ./, «Տո՜ւր մեղքերիս իմ թողություն»/1991թ./, «Armenian struggle for survival/ Գոյատեւելու հայկական պայքարը» /1993թ./:


























