Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, ինչպես նաեւ նրա երկու ընկերների` Սարգիս Գեւորգյանի եւ Արտակ Կարապետյանի գործով վերսկսված նախաքննությունը այսօր՝ սեպտեմբերի 13-ին ավարտվել է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
Նա, սակայն դժվարացավ նշել, թե ի՞նչը կարող էր նման շտապողականության պատճառ հանդիսանալ։ «Այդ ամենը համարյա մեկ շաբաթ տեւեց։ Մեր միջնորդության հաջորդ օրը հարցաքննվել էր Արտակ Կարապետյանը, հետո նաեւ Սարգիս Գեւորգյանը։ Երկու առերեսում է կատարվել, Տիգրան Առաքելյանին առաջարկվել է ցուցմունք տալ, սակայն նա հրաժարվել է։ Բայց մենք ծավալուն ցուցմունք ենք տվել, համենայնդեպս՝ Արտակ Կարապետյանը: Թե ի՞նչ արագությամբ են կարողացել անել դա, ինձ համար, ճիշտն ասած, անհասկանալի է»,- ասաց փաստաբանը՝ կրկին զարմանք հայտնելով, որ ինքը ոչ մի կերպ չէր մտածի, որ նախաքննությունը 18 օրում կավարտվի, կվերսկսվի եւ նորից կավարտվի։
Նշենք, որ այս գործի նախաքննությունն ավարտվել էր օգոստոսի վերջին, սակայն փաստաբանների միջնորդությամբ այն սեպտեմբերի 6-ին վերսկսվել էր՝ տեւելով մի քանի օր։
Հիշեցնենք նաեւ, որ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ոստիկանության աշխատակիցների հետ օգոստոսի 9-ին տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո անազատության մեջ է պահվում։ Նա բանտում գտնվում է խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:



























