ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, որ իր ելույթի ժամանակ ներկայացնելու է բացառապես փաստեր և դրանք չի էլ մեկնաբանելու, իսկ վերջում հայրենակիցների հետ կփորձեն հասկանալ, թե խեղճ Նիկոլ Փաշինյանի գրպանն ո՞վ և ի՞նչ է գցել:
«Առաջին անգամ պատմության մեջ պաշտոնական Երևանը և պաշտոնական Ստեփանակերտը հակասություն ունեն Արցախի ճակատագրի հետ կապված, ընդ որում՝ պաշտոնական Ստեփանակերտը պնդում է որ Արցախը չի կարող հայտնվել Ադրբեջանի կազմում, իսկ պաշտոնական Երևանն դա կարծես չի ասում:
Առաջին անգամ Երևանում արձանագրվեց, որ պաշտոնական Երևանի ներկայացուցիչն ասաց, որ ՌԴ-ն և ՀՀ-ում ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության սպառնալիք են:
Առաջին անգամ Հայաստանը մերժեց Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը: Հայաստանը նաև մերժեց ՀԱՊԿ-ի օգնության փաթեթը, որը ներառում էր նաև սպառազինության տրամադրում:
Առաջին անգամ ՀՀ-ի կողմից հիմնական բանակցողը բանակցային գործընթաց ներմուծեց Ալմա-Աթայի հռչակագրի թեզը, որը նախ՝ աղերս չի կարող ունենալ Արցախյան հակամարտության կարգավորման հետ, այն պարզ պատճառով, որ դրանից մոտ 20 օր առաջ ԼՂ-ն ռեֆերենդումով անկախություն էր հռչակել, ապա այն պատճառով, որ Հայաստանը դրան միացել է վերապահումով:
Առաջին անգամ Հայաստանի անունից հիմնական բանակցողն սկսեց ակտիվորեն շրջանառել ՄԱԿ-ի ընդունած 4 բանաձևերը, որոնք միշտ եղել են ադրբեջանական քարոզչամեքենայի թեզ:
Առաջին անգամ այս ամբիոնից հնչեց, որ մեզ զենք չեն վաճառում: Երբ Արցախը բլոկադայի մեջ էր ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը միայն 8-րդ օրը հանդիպեց Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ, այն էլ, ըստ իմ տեղեկությունների, եղել է պլանավորված, ոչ թե՝ իրավիճակով պայմանավորված:
Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ԱԺ-ն հրաժարվում է ընդունել մի փաստաթուղթ, ոտեղ հստակ գրված է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Առաջին անգամա պատմության մեջ Փաշինյանը չի ընդունում, որ Արցախը կարող է ունենալ կարգավիճակ, իսկ միջազգային հանրությունն այն ընդունում է: Առաջին անգամ պատմության մեջ հայկական կողմը փաստացի հայտարարել է, որ համաձայն է ստորագրել մի պայմանագրի տակ, որում չի հստակեցվում Արցախի հետագա կարգավիճակն, այնինչ առկա էր մեկ այլ փաստաթուղթ, որն այդ կարգավիճակն ապահովում էր:
Իմ թվարկած փաստերը և մի շարք այլ փաստեր համադրելով՝ եկեք հասկանանք՝ պրոբլեմները Փաշինյանի գրպանը գցեցի՞ն, թե՞ ինչ-որ մեկը Փաշինյանին Հայաստանի գրպանը գցեց»:




























