«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հեռանկարները զրոյական մակարդակի վրա չեն, բայց նաեւ 100 աստիճանի վրա էլ չեն գտնվում»,- հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նշելով, որ հայ-թուրքական հարբերությունների կարգավորումը իրավիճակի կայունացում եւ փոփոխություններ կբերի տարածաշրջան, նա նկատեց, որ իրադարձությունների նման դասավորությունը ձեռնտու չէ հատկապես Վրաստանին. պատճառը, նրա խոսքով, այդ երկրի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների ծավալի կրճատումն է մոտ 30-40 տոկոսով։ Դրանից չի շահի նաեւ Ադրբեջանը. նրա՝ տարածաշրջանում ունեցած ազդեցությունն, անշուշտ, կփոքրանա։

Փոխարենը, քաղաքագետի կարծիքով, կզարգանան Իրանի հետ հարբերությունները։

Անդրադառնալով հարցին, թե արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում այնուամենայնիվ, ե՞րբ կվավերացվեն, Ալեքսանդր Իսկանդարյանը մի քանի տարբերակներ առաջ քաշեց։ Ըստ նրա, ամենահավանականն այն է, որ դրանք երկար ժամանակ առկախված կմնան թուրքական խորհրդարանում։ Մեկ այլ տարբերակով, դրանց վավերացումը, հնարավոր է, ձգձգվի մինչ հաջորդ տարվա ապրիլ։

«Ամեն դեպքում, հայկական կողմի դիրքորոշումը՝ արձանագրությունները վավերացնել միայն Թուրքիայի խորհրդարանում դրանց վավերացումից հետո, ճիշտ որոշում է, բայց հետաքրքիր կլիներ նաեւ տեսնել, թե ի՞նչ կլիներ, եթե մենք առաջինը գնայինք այդ քայլին՝ նեղը գցելով Թուրքիային»,- եզրափակեց նա։