Երեւանի հանրային տրանսպորտում` որոշ ավտոբուսներում եւ միկրոավտոբուսներում, օտար պետությունների դրոշներ են, մասնավորապես` Հայաստանի եռագույնի կողքին, կամ նույնիսկ առանց եռագույնի, առավել հաճախ կարելի է տեսնել Ռուսաստանի դրոշը: Այս խնդրի հետ կապված Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջում իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Facebook-ի որոշ օգտագործողներ: «Ստրկամտությո՞ւն, թե՞ Հայաստանի 20-ամյա անկախություն, ո՞վ է պատաասխանատու ուղղելու այս խայտառակությունը: Ո՞ւր են մեր իրավունքները եւ անկախ պետությունը, ի՞նչ գործ ունեն օտար պետությունների դրոշները Երեւանի հանրային տրանսպորտում»,- գրել է Facebook-ի օգտագործողներից Վահրամ Սողոմոնյանը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Տրանսպորտի եւ կապի նախարարության  տեղեկատվության եւ հասարակայնության կապերի բաժնի պետ Պետրոս Դեմիրճյանը նշեց, որ պետք է կիրառվեն մեր խորհրդանիշները, հատկապես Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ պետք է մեր խորհրդանիշները լինեն: Նրա խոսքով` դա օրենքի մեջ գրվելու բան չէ, մասնավոր խնդիր է, պարզապես պետք է զգուշացնեն, որ չդնեն:

Պետրոս Դեմիրճյանը  նշեց, որ մայրաքաղաքի տրանսպորտի հետ կապված հարցերով պետք է դիմել Երեւանի տրանսպորտի վարչություն: Իսկ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դրոշների հարցը չի կարգավորվում օրենքով, ինչպես օրինակ կարգավորմում է հանրային տրանսպորտում չծխելը, բարձր երաժշտություն չմիացնելը եւ այլն: Նրա խոսքով` քաղաքապետարանը որեւէ վերահսկողություն չի կարող իրականացնել օտարերկրյա դրոշների դեպքում, այդ ոլորտը տրված է մասնավորի կառավարմանը:

«Ամբողջ խնդիրն այն է, որ այս հարցը բարոյական հարթությունում է, որեւէ իրավական հիմք չկա: Մարդու` իր պետության հանդեպ հարգանքի խնդիր է»,- նշեց Արթուր Գեւորգյանը` հավելելով, որ անշուշտ գեղեցիկ է, երբ հանրային տրանսպորտում մեր դրոշն է եւ մեր ատրիբուտները:

Հ.Գ. NEWS.am-ը չի հրապարակում այդ երթուղայինների համարանիշները` ակնկալելով, որ նյութի հրապարակումից հետո գոնե դրանց որոշ մասը կշտկվի: