Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ` հեռուստատեսային ծրագրեր եւ քննարկում-բանավեճեր վարողների դասընթացին մասնակցելու համար:

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ դասընթացի նպատակն է պատրաստել վարողներ` հեռուստատեսային ծրագրերի եւ հանրային քննարկում-բանավեճերի համար:

Մրցույթին կարող են մասնակցել 25-ից բարձր տարիքի, լայն մտահորիզոնով եռանդուն անձինք, որոնք ձգտում են դառնալ վարողներ: Հայերենի գերազանց իմացությունից բացի ռուսերենի եւ անգլերենի իմացությունը առավելություն է: Դերասանական կամ հասարակական միջավայրում ելույթ ունենալու փորձը, անծանոթ միջավայրում արագ կողմնորոշվելու հատկությունը, վերլուծական ունակությունները, հռետորական օժտվածությունը, ինչպես նաեւ ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը նույնպես կհամարվեն առավելություն:

Մրցույթը կանցկացվի երկու փուլով. Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

- մեկ լուսանկար (10x15).
- լրացված հարցաթերթիկ (նմուշը կցվում է),
- աշխատանքների փաթեթ, որը կպարունակի թեկնածուի հեղինակած նյութերը` օրինակ. հրապարակումներ մամուլում, ռադիոյի կամ հեռուստատեսային հաղորդումների, ելույթների, հանդիպումների ձայնագրություն-տեսագրություններ եւ այլն:

Վերոհիշյալ ամբողջական փաթեթը պետք է ներկայացվի ԵՀՀ մինչեւ ս.թ. սեպտեմբերի 26-ը, ժամը 17:00.

Մրցույթի առաջին փուլի արդյունքները կհրապարակվեն ԵՀՀ կայքում հոկտեմբերի 3-ին:

Մրցույթի երկրորդ փուլի ընթացքում նախորդ փուլի հաղթողների հետ ԵՀՀ մրցութային մասնագիտական հանձնաժողովը կվարի անհատական հարցազրույցներ:

Մրցույթի հաղթողները կմասնակցեն 6-օրյա դասընթացի (ռուսերենով եւ հայերենով), որը բացառիկ հնարավորություն կընձեռի.

• սովորել հեռուստածրագրեր եւ բանավեճեր վարելու նորագույն մեթոդները, որոնք գործնական պարապմունքների ընթացքում կներկայացնեն Ռուսաստանյան ֆեդերացիայից հրավիրված փորձառու մասնագետներ, առաջատար հեռուստալրագրողներ Սվետլանա Սորոկինան եւ Նինա Զվերեւան հայաստանյան թիմի հետ միասին,
• մասնակցել վարպետության դասերի, որոնք կվարեն հայաստանյան փորձառու մասնագետները,
• ծանոթանալ էկրանային իմիջի մշակման սկզբունքներին մասնագետ ոճաբանի եւ դիմահարդարի օգնությամբ,
• վարել փորձնական հաղորդում ստուդիայում:

Դասընթացը լիարժեք անցած անձանց կտրվեն համապատասխան վկայագրեր:

Դասընթացի լավագույն մասնակիցները հնարավորություն կստանան պայմանագրային հիմունքներով վարելու ԵՀՀ հեղինակային հաղորդաշարը: