ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի Visa Student քարտի քարտապանները հնարավորություն կստանան անվճար միանալ «ԱրմենՏել»-ի (ապրանքանիշը՝ Beeline) բջջային ցանցին, եւ միմյանց հետ խոսել 1 դրամ սակագնով: Գործընկերային ծրագրի մեկնարկի մասին այսօր, սեպտեմբերի 14-ին համատեղ ասուլիսում հայտարարեցին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը եւ «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:Ըստ բանկի տնօրեն Ստեփան Գիշյանի՝ Visa Student քարտից կարող են օգտվել բոլոր ուսանողները, ովքեր երկու տարբեր ոլորտներ ներկայացնող խոշոր ընկերություններից շահավետ պայմաններ են ստանում:
«Նոր Visa Student քարտը թույլ է տալիս ակտիվ կյանք մուտք գործող անհատներին ստանալ շահավետ առաջարկներ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ-ից եւ Beeline-ից»,-ասաց նա՝ կարեւորելով երիտասարդ հաճախորդների ներգրավումը:
«ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքով՝ «ԱրմենՏելը» մեծ պատրաստակամությամբ է արձագանքել բանկի նախաձեռնությանը: «Իր տեսակի մեջ եզակի այս համատեղ ծրագիրն ուղղված է ուսանողներին ու երիտասարդներին: ԱրմենՏելը ավանդաբար աջակցում է սոցիալական եւ երիտասարդական ծրագրերին, եւ այս ծրագրի դեպքում եւս համոզված ենք, որ ակտիվություն կլինի: Զանգերի աննախադեպ ցածր սակագինը ուսանողներին հնարավորություն կտա շփվելու ավելի քիչ ծախսերի»,-ասաց Կլիմկոն:
Պատասխանելով մոբայլ ցանցով դրամական տրանսակցիաների ծրագրի հնարավոր գործարկման մասին հարցին՝ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը նշեց, որ «ԱրմենՏելի»-ի հետ համագործակցության շրջանակում հնարավոր է այլ ծրագրեր եւս առաջարկվեն: «Սա համագործակցության սկիզբն է, եւ այն արդեն հետաքրքրություն է առաջացրել նաեւ մեր բանկի արտասահմանյան գործընկերների մոտ: Հնարավոր է նաեւ դրամական տրանզակցիայի ծրագիր գործարկվի, հատկապես որ, արտասահմանում այն արդեն լայն տարածում է գտնում»,- նշեց Գիշյանը:
«ԱրմենՏելը տեխնիկապես պատրաստ է նման ծրագրի: Եթե Հայաստանում այս հարաբերությունը կարգավորող օրենքներ ստեղծվեն, եւ բանկերը հետաքրքրություն դրսեւորեն եւ կարողանան մատուցել ծառայությունը, ապա ծրագրի գործարկման խնդիր չի լինի»,- ասաց «ԱրմենՏելի» գլխավոր տնօրենը:




























