Մեծ Բրիտանիան դեռեւս ցանկանում է միջազգային գործարք կնքել՝ Ուկրաինային գերմանական արտադրության տանկեր մատակարարելու վերաբերյալ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլին։

Անցյալ շաբաթ արեւմտյան դաշնակիցները խոստացել են Ուկրաինային միլիարդավոր դոլարների զենք տրամադրել, թեեւ Գերմանիային չեն կարողացել համոզել՝ վերացնել Leopard մարտական ​​տանկերի մատակարարման հարցում առկա վետոն այն տանկերի համար, որոնք ունեն ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ, սակայն որոնց առաքումը Ուկրաինա կպահանջի Բեռլինի հավանությունը:

«Իհարկե, ես կցանկանայի, որ ուկրաինացիները զինված լինեին այնպիսի մեքենաներով, ինչպիսին Leopard 2-ն է, ինչպես նաեւ հրետանային համակարգերով, որոնք տրամադրվել են մեր եւ մյուսների կողմից», - ասել է Քլեւերլին Sky News-ին․ «Ես կշարունակեմ այս խոսակցությունները ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների եւ ընկերների հետ՝ հեշտացնելու լավագույն ռազմական տեխնիկան Ուկրաինային նվիրաբերելը՝ օգնելու նրանց պաշտպանվել այս դաժան ներխուժումից»:

Ի պատասխան հարցին, արդյոք Գերմանիան բավարար չափով օգնում է Ուկրաինային, Քլեւերլին ասել է, որ կցանկանար, որ «բոլորն անեին իրենց լավագույնը, սակայն յուրաքանչյուր երկիր կաջակցի Ուկրաինային իր համար ամենահարմար ձեւով»:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նախկինում դաշնակիցներին հորդորել էր ավելին անել Ուկրաինային աջակցելու համար: Սակայն Leopard տանկեր մատակարարելու որոշում չի կայացվել, ասում են պաշտոնյաները, թեեւ պարտավորություններ են ստանձնվել մեծ թվով այլ զինատեսակների մատակարարման համար: