Արդեն երրորդ անգամ է Հայաստանում անցկացվելու «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի (մուլտերի) փառատոնը, որն այս անգամ կմեկնարկի այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 19-ին Մոսկվա կինոթատրոնում եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 19-ը։ Փառատոնի ընթացքում կներկայացվեն շուրջ 40 երկրների անիմատորների լավագույն ֆիլմերը։ Այս մասին այսօր` սեպտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի հիմնադիր նախագահ Վրեժ Քասունին։

Նրա խոսքով՝ փառատոնի ընթացքում կցուցադրվեն լավագույն անիմացիոն վերջին ֆիլմերը։ «Կցուցադրվեն ոչ թե հին արխիվից հանված ֆիլմեր, այլ անգամ այնպիսի ֆիլմեր, որոնք դեռեւս չեն ներկայացվել ոչ մի փառատոնի ժամանակ»,-ասաց Վ. Քասունին։ Այս տարի փառատոնը նվիրված կլինի անկախության 20-ամյակին եւ կկրի «20-ամյա անկախ անիմացիա» խորագիրը, ուստի կցուցադրվեն նաեւ 20 տարիների ընթացքում Հայաստանում ստեղծված անիմացիոն լավագույն ֆիլմերը։ Կինոփառատոնի ընթացքում ընդհանուր առմամբ կցուցադրվեն 320 կարճամետրաժ ֆիլմեր,  6 լիամետրաժ ֆիլմեր, կլինեն նաեւ վարպետության դասընթացներ հայտնի անիմատորների կողմից։ Ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում։

Պրեմիերայի ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում, որոնց արժեքը  կլինի 1000 դրամ,  իսկ «Նաիրի» կինոթատրոնում կցուցադրվի մանկական ծրագրի ֆիլմերը, որոնք արդեն 500 դրամ։ Ինչ վերաբերում է մրցութային ֆիլմերի ծրագրերին, ապա դրանք կինոթատրոններում կցուցադրվեն  հիմնականում ազատ կամ սիմվոլիկ գումարով։