Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Սերբիայի առաջադիմական կուսակցության արտահերթ նիստում հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ երկրի նախագահի պաշտոնից, հայտնում է սերբական Informer թերթը։

Հրատարակության համաձայն՝ նախագահը կուսակցության ղեկավարությանը տեղեկացրել է Սերբիայի վրա Արեւմուտքի ճնշումների մասին, որոնք կապված են Կոսովոյի հետ։

Հանդիպման ժամանակ կուսակցության որոշ անդամներ ասել են, որ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ հետագա բանակցությունները չի կարելի է «պատահական» վարել։

«Վուչիչը համբերատար լսեց այս ամենը, հետո ասաց, որ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կարող է ավելի լավ անել, ապա նա հրաժարական կտա»,–գրում է թերթը։

Թերթը հայտնում է նաեւ, որ Վուչիչի խոսքով՝ եթե ժողովուրդը հրաժարվի բանակցություններից, եւ եթե «ինչ-որ մեկը կարծում է, որ մենք պետք է տնտեսապես փլուզենք երկիրը», ապա ինքը երկրի կառավարումը կթողնի «խելացի մարդկանց»։

Sputnik Սերբիայի փոխանցմամբ՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր դիմելու է ժողովրդին։ Նա նաեւ կմասնակցի երկրի կառավարության նիստին եւ կաբինետի նախարարներին կտեղեկացնի՝ վերջերս Սերբիա այցելած արեւմտյան բարձրաստիճան պատվիրակության հետ բանակցությունների վերաբերյալ, որի հետ նա քննարկել է Կոսովոյի հարցը:

2022 թվականի հոկտեմբերին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն արդեն հայտարարել էր հեռանալու պատրաստակամության մասին, որպեսզի չճանաչի Կոսովոյի անկախությունը։