Իտալիայի Միլան քաղաքի մոտ գտնվող Բոսսեի վանքում, սեպտեմբերի 7-10-ին, տեղի է ունեցել 19-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը` «Աստուծո խոսքը հոգեւոր կյանքում» թեմայով:

Ժողովին մասնակցել են Կաթոլիկ, Ռուս ուղղափառ, ինչպես նաեւ Հայ առաքելական Եկեղեցու ներկայցուցիչներ: Ժողովին Մայր աթոռ սուրբ Էջմիածինը ներկայացրել է Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը: Ժողովի ընթացքում հոգեշնորհ Հայր Սուրբի կողմից կոնֆերանսի մասնակիցներին ընթերցվեց Հայրապետական ուղերձը, որում մասնավորապես ասվում էր. «Այսօր, երբ արդիական տեխնոլոգիաների օգնությամբ տեղեկություններն արագությամբ սփռվում են աշխարհով մեկ, մեր կյանքում նկատվում է խոսքի առատություն, սակայն այդ բյուրավոր խոսքերի մեջ անհրաժեշտ է աստվածային խոսքի գերակայությունը, որպեսզի հասարակությունները, մարդիկ ապրեն փոխըմբռնման, համերաշխության եւ Քրիստոսապատվեր սիրո մեջ: Ներկա ժամանակներում, երբ նաեւ սփռվում են զանազան կեղծ գաղափարներ` ճշմարտության շղարշով քողարկված, առավել հրատապ է դառնում անհրաժեշտությունը աշխարհում Աստծո խոսքի իմացության ու տարածման, որը պայծառակերպում է հոգիները եւ մնում անփոփոխ ու հավիտենական»: