Երբ այս տարվա ապրիլին պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունը, նրան, բնականաբար, հայկական կոնյակ հյուրասիրեցին: Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյան, բնականաբար, հիացած էր «Արարատ» կոնյակով, ու իր այդ հիացմունքը արտահայտեց նույնիսկ հրապարակայնորեն` հայ-չինական գործարար համաժողովի ժամանակ: Բառացիորեն նա ասաց հետեւյալը. «Երեկ ՀՀ նախագահի անունից կազմակերպված ընդունելության ժամանակ երջանիկ եմ եղել համտեսել «Արարատ» կոնյակ, որ ես երբեք չէի խմել նախկինում: Այն լավն է, բայց չի կարելի գտնել Չինաստանում: Հայկական ընկերությունները պետք է գան Չինաստան եւ գովազդեն կոնյակը: Չինական համապատասխան կառուցները կօգնեն նրանց դա անել»: 

Այդ հայտարարությունից հետո անցել է մոտ 5 ամիս, ու NEWS.am-ը փորձեց Երեւանի կոնյակի գործարանի (որին էլ պատկանում է «Արարատ» բրենդը) գործադիր տնօրեն Արա Գրիգորյանից տեղեկանալ, թե ի՞նչ վիճակում է հայկական կոնյակը Չինաստան առաքելու գործընթացը:

Ցավոք, Ա. Գրիգորյանի պարզաբանումները հուսադրող չէին, ու վկայում են, որ չինական վիթխարածավալ շուկան դեռ երկար տարիներ խոպան կմնա հայկական կոնյակի համար:

Ա. Գրիգորյանը չժխտեց, որ Չինաստանի ղեկավարությունը օժանդակում է հայկական կոնյակի չինական շուկա ներթափանցման ծրագրին, սակայն խոստովանեց, որ դա շատ ավելի դժվար է անել, քան պատկերացնում էին: Նախ, առկա են ֆինանսական խնդիրներ: «Ֆրանսիացիները 30 տարի առաջ են սկսել ներդրում անել չինական շուկայում, ու ամեն տարի ներդրել են այնքան փող, որքան մեր երկրի բյուջեն է»,- ասաց Ա. Գրիգորյանը: Չինացիները պարզապես պատկերացում չունեն Հայաստանի ու հայերի մասին, իսկ առանց դրա հայկական բրենդը շատ դժվարությամբ կհաստատվի այդ շուկայում:

Երկրորդ` Չինաստանում բյուրոկրատական խոչընդոտները բավական շատ են, ուստի շուկա նոր ներթափանցող ընկերությունները օբյեկտիվորեն դժվարությունների են հանդիպում: «Չինաստանի կոմկուսի ղեկավարության եւ ժողովրդի միջեւ 40 աստիճան կա, որոնցից յուրաքանչյուրում կարող են թղթերը լռվել»,- ասաց Ա. Գրիգորյանը: Բացի այդ` օրենսդրությունն այնքան բարդ է, որ Հայաստանի լավագույն իրավաբաններին առնվազն 1.5 տարի է պետք այն յուրացնելու համար:

Եվ վերջապես երրորդ` Չինաստանում բավական վատ են զարգացած շուկայական ենթակառույցները: Ըստ Ա. Գրիգորյանի` իրենք պարզապես չեն կարողանում գտնել այնպիսի մատակարար, որի հետ կարողանան համագործակցել, ուստի փորձում են բանակցել արտադրողնմերի հետ:

Այն հարցին, թե ինչու չի կարելի օգտագործել <Պեռնո ռիկարի> ռեսուրսները, Ա. Գրիգորյանն ասաց, որ <Պեռնո Ռիկարը> տրամադրում է իրավաբանական ու թարգմանչական օժանդակություն, սակայն հայկական կոնյակի ճանաչելիությունը բարձրացնելու համար ներդրումներ չի պատրաստվում անել:

 

Պատրաստեց` Սամվել Ավագյանը