Երեւանի քաղաքապետարանի եւ «Ժպտա Երեւան» ծրագրի համատեղ նախաձեռնության առաջին նախագիծը` Մարտիրոս Սարյանի «Իմ բակը» կտավի խճանկար-պաննոն, բացվել է Մոսկովյան 36 հասցեում:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բնակելի շենքի կողային ճակատին ամբողջությամբ պատկերված է Վարպետի 1923 թվականին ստեղծած կտավի գունագեղ խճապատկերը: Անվանի արվեստագետների, ճարտարապետների եւ ձեռներեցների ստեղծած «Ժպտա Երեւանե ծրագրի աշխատանքային խումբը 3 ամիս առաջ էր քաղաքապետարանին առաջարկել շենքերի ճակատային հատվածի նորոգման ինքնատիպ լուծումն ու ստացել քաղաքապետարանի տեխնիկական ու մասամբ ֆինանսական աջակցությունը:
«Ժպտա Երեւանի» հեղինակները նշել են, որ ծրագիրն ունի թե’ գեղագիտական, թե’ ռազմավարական նշանակություն. քաղաքը գեղեցկացնելով երեւանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին է ներկայացվում հայկական կերպարվեստը:
«Մինչ շենքերի խճանկարապատումը նախ արվեստագետների խումբն առաջարկում եւ քննարկում է էսքիզները: Ընտրվում է այն պատկերը, որը տեղանքի հետ համահունչ թեմատիկա կամ մասշտաբային ճիշտ լուծման հնարավորություն ունի: Այդուհետ, քաղաքապետարանի հաստատումից հետո, սկսվում է խճանկարի հավաքման աշխատանքը: Սա առաջինն է, բայց վստահեցնում եմ, որ վերջինը չի լինի, առավել եւս, որ շենքերի անհրապույր ֆասադներ շատ կան մայրաքաղաքումե,- ընդգծել է Երեւանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին:
Սեպտեմբերին կավարտվեն նաեւ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի եւ Տպագրիչներ-Հանրապետության փողոցների խաչմերուկի բնակելի շենքերի խճանկար-պաննոների հավաքման աշխատանքները:




























