«Ժառանգության» պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը նամակ են հղել ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովին, որտեղ իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի պատրաստած` «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» զեկույցի նախագծի որոշ դրույթների վերաբերյալ:
«Ժառանգությունից» NEWS.am-ին հայտնում են, որ նամակում, մասնավորապես, ասվում է.
«Ժառանգությունը» մշտապես պահանջել է, որ Հայաստանը գնահատվի ԵԽԽՎ մեր գործընկերների կողմից եվրոպական ամենաբարձր չափանիշներով: Միայն այդպես է հնարավոր հաղթահարել Հայաստանի ժողովրդավարական իրական բարեփոխումների փոխարեն դրանց իմիտացիան հրամցնելու որեւէ ուժի ցանկացած փորձ:
Օրերս հայաստանյան հանրությունը տեղեկացավ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի պատրաստած` «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում» զեկույցի նախագծի մասին, որն ընդունման է ներկայացվելու ԵԽԽՎ-ի կողմից:
Կիսելով զեկույցում մատնանշված շատ հիմնախնդիրների վերաբերյալ համազեկուցողների մտահոգությունները, «Ժառանգությունն», այդուհանդերձ, իր մտահոգությունն է հայտնում զեկույցում տեղ գտած որոշ անընդունելի եւ վտանգավոր դրույթների առնչությամբ, որոնք ստվերում են զեկույցի ամբողջ ոգին եւ գլխավոր գործառույթը: Այս կապակցությամբ հարկ ենք համարում Ձեզ ներկայացնել մեր որոշ նկատառումները:
1. Զեկույցում ողջունվում է 2008թ. մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ ՀՀ նախագահի կողմից գործողությունների «նորովի խթանումը» եւ նշվում, որ այս գործով վերջնական կամ առնվազն միջանկյալ զեկույցը պետք է հրապարակվի մինչեւ 2011թ. ավարտը: Մինչդեռ մենք շարունակում ենք մեծ թերահավատությամբ վերաբերվել գործող իշխանությունների կողմից մարտի 1-ի սպանությունների բացահայտման հեռանկարին, քանի դեռ Սերժ Սարգսյանը որեւէ քայլ չի կատարել Փաստահավաք խմբի վերականգնման համար, որը կազմավորվել էր իշխող կոալիցիայի, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության կողմից նշանակված փորձագետների ներգրավմամբ եւ որը, ի տարբերություն իրավապահ մարմինների, իրական ու արդյունավետ գործունեություն էր ծավալել նշված իրադարձությունների բացահայտման ուղղությամբ: Էլ չենք խոսում միջազգային փորձագետների ներգրավման անհրաժեշտության մասին, ինչը մշտապես բարձրաձայնվել է ընդդիմության, մասնավորապես` «Ժառանգության» կողմից: Բացի դրանից, մեզ համար անընդունելի է զեկույցի 11-րդ կետն ամբողջությամբ, ըստ որի ԵԽԽՎ-ին առաջարկվում է հայտարարել, որ վերջին համաներման, 2008թ. մարտի 1-ի սպանությունների բացահայտմանն ուղղված գործողությունների «նորովի խթանման եւ ընդդիմության ու իշխող կոալիցիայի միջեւ երկխոսության սկզբնավորման» արդյունքում «2008թ. մարտյան իրադարձությունների էջը կարող է ի վերջո փակված համարվել»: Տարրական տրամաբանությունն իսկ հուշում է, որ այդ էջը կարող է փակվել ոչ թե թվարկված գործընթացների արդյունքում, այլ երբ բացահայտված կլինեն 10 սպանությունների կատարողներն ու հրահանգ տվողները:
2. Տարակուսանք ենք հայտնում նաեւ Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ համազեկուցողների դրական գնահատականի կապակցությամբ. մի օրենսգիրք, որը ԵԽԽՎ 1609, 1677 բանաձեւերի խախտմամբ ձեւավորվել եւ ընդունվել է առանց խորհրդարանական ընդդիմության ներգրավման, վերջինի առանցքային առաջարկների լիովին անտեսմամբ: Ավելին` համազեկուցողների ներկայացրած տարբերակում հայաստանյան բոլոր քաղաքական ուժերին կոչ է արվում զերծ մնալ ցանկացած գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են սասանել հանրային վստահությունը ընտրական գործընթացի եւ դրա արդյունքների հանդեպ: Եվ սա այն դեպքում, երբ Ընտրական օրենսգրքի արդեն սկսված կիրարկման պրակտիկան ցույց է տալիս, որ իշխանություններն ընտրել են ընտրությունների օրինականությունը վտանգելու ճանապարհը. ընտրական գործընթացի թափանցիկությունն արդեն իսկ ստվերված է, իսկ դրա հանդեպ հանրային վստահությունը` սասանված թեկուզ այն պատճառով, որ վերջերս ձեւավորված Կենտրոնական եւ տարածքային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվել են խորհրդարանական բոլոր կուսակցությունների նախկին կամ նոր ներկայացուցիչներ` բացառությամբ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության:
Համազեկուցողներն առաջարկում են ԵԽԽՎ-ին ողջունել այն սերտ ու կառուցողական համագործակցությունը, որն առկա է ԵԽԽՎ-ի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ եւ անգամ հայտարարել, որ դա կարող է ԵԽԽՎ Մոնիթորինգի ընթացակարգի շրջանակներում համագործակցության զարգացման օրինակ դիտվել: Մեր ձեւակերպմամբ հավելենք, որ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի կողմից Հայաստանի ընդդիմադիր ուժերի տեսակետների անտեսումը կարող է լինել հրաշալի օրինակ, թե ինչպես ՉՊԵՏՔ Է տեղի ունենա ԵԽԽՎ-որեւէ երկրի ընդդիմություն հարաբերությունը: Հուսով ենք, որ ի հեճուկս Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողների կողմից ձեւավորված` ընդդիմության անտեսման այս տխուր ավանդույթի, ԵԽԽՎ-ն հաշվի կառնի այս դիտարկումները եւ անհրաժեշտ շտկումներ ու փոփոխություններ կմտցնի Հայաստանին վերաբերող բանաձեւի վերջնական տարբերակում»:



























