Գյումրիի Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն անկեղծորեն զարմացել է, երբ տեսել է, որ «Կոնգրես» հյուրանոցում սեպտեմբերի 14-ին, «Իրավիճակը հայկական բանակում» թեմայով քննարկմանը մասնակցելու են եկել նաեւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
«Անկեղծորեն չէի սպասում, որ պաշտպանության նախարարությունից կամ իշխանություններից այսքան մարդիկ կընդունեն հրավերը եւ կգան: Սա խոսում է այն մասին, որ, համենայն դեպս, իրենք մտահոգ են: Թե ինչո՞վ են մտահոգ, բանակի իրադրությա՞մբ, թե՞ հասարակական աղմուկով, ժամանակը ցույց կտա», NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է նա:
«Գուցե իրենք մտահոգ են ավելի հասարակական պոռթկումը զսպելու կամ մարդկանց հանդարտեցնելու խնդրով, քան որակական փոփոխություն անելու հարցով: Չեմ կարող կանխավ ասել, բայց որ բանակը ֆունդամենտալ, հիմնարար փոփոխությունների կարիք ունի, ընդհուպ մինչեւ աբստրակտ թվացող գաղափարների տարածում, ինչպես երիտասարդ աղջիկների ծառայությունը, բանակում ծառայող զինվորների գիշերումը մերձակա բնակավայրերում, եթե կա նման հնարավորություն եւ այլն: Սրանք արագ արձագանքող համակարգերի ներդրման մաս են, որովհետեւ եղածը չի գործում»,- նշել է Բարսեղյանը:
Վերջինիս խոսքով, մտահղացումներից մեկը զինվորական օմբուդսմենի հաստատության ձեւավորումն է: «Տեսնենք, թե պետությունն ինչպես կանի արմատական փոփոխությունները, թե չի անի: Ես ինքս շատ հոռետես եմ: Չեմ ակնկալում, որ լրջությամբ են ընկալում պրոբլեմը: Որովհետեւ իշխանության մեծամեծ պաշտոնյաներ պարբերաբար իրենց թույլ են տալիս այն արտահայտությունը, թե բանակը հասարակության մի մասն է, հասարակության մարդիկ են, ի՞նչ կա որ: Այս մարդիկ չեն գիտակցում, որ բանակը կոնկրետ կանոնադրական նորմերով կարգավորված լինելու պարտավորություն ունի»,- ասել է Բարսեղյանը:
Ըստ ակումբի նախագահի, մեզ պետք են ոչ թե հարցազրույցներ, խոսքեր` մտահոգությունների մասին, այլ կոնկրետ քայլեր, եւ հասարակությունը անմիջապես կնկատի, որ ինչ-որ բան արվում է: «Անցած 17-18 տարում մոտ 2000 զինվոր է սպանվել, իսկ սա պատերազմի ժամանակ տրված զոհերի գրեթե կեսն է: Այսինքն բանակում պատերազմ է հայտարարված մեր երիտասարդության դեմ: Ո՞վ պետք է պատասխան տա այս ամենի համար»,- արձանագրել է Լեւոն Բարսեղյանը:



























