Բրիտանական խորհրդի եւ ReAnimania երեւանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնի հետ համագործակցության շրջանակում Միացյալ Թագավորության առաջատար Աարդման ստուդիայի մասնագետ Մագդալենա Օսինսկան կժամանի Հայաստան, ով սեպտեմբերի 14-19-ը կանցկացնի վերապատրաստման դասընթացներ փառատոնի մասնակիցների համար եւ կքննարկի համագործակցության հեռանկարներ:Բրիտանական խորհրդի երեւանյակ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ վերապատրաստման դասընթաներից բացի, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը ReAnimania փառատոնի շրջանակում առաջին անգամ սահմանել է մրցանակ:
Փառատոնի մասնակիցներից մեկը հնարավորություն կստանա մեկամսյա աշխատանքային պրակտիկա անցնել Միացյալ Թագավորության Աարդման ստուդիայում: Անիմացիոն արվեստի հայ մասնագետը հնարավորություն կունենա մեկ ամիս շարունակ աշխատել օսկարակիր մասնագետների հետ, ծանոթանալ բրիտանական անիմացիոն արվեստի նորարարություններին եւ ձեռք բերել նոր հմտություններ ու կապեր:Շուրջ 40 տարվա պատմություն ունեցող Աարդման ստուդիայում նկարահանվել են մրցանակակիր բազմաթիվ ֆիլմեր: Աարդման ստուդիայի տարբեր տարիների աշխատանքները 7 անգամ առաջադրվել են Օսկար մրցանակի` 4 անգամ արժանանալով հեղինակավոր այդ մրցանակին:Աարդման ստուդիան համագործակցում է BBC-ի եւ Channel Four Television-ի հետ:
Ստուդիան հիմնադրել է Դեվիդ Սփրոքսթոնը իր ընկերոջ` Փիթեր Լորդի հետ 1972 թվականին: 1970-ին նրանք միասին նկարահանում են իրենց համատեղ առաջին անիմացիոն կինոնկարը: Այնուհետ BBC-ի մանկական ծրագրերի պորդյուսերը նրանց առաջարկում է փոսքրիկ ֆիլմեր ստեղծել մանկական հաղորդման համար: Նրանց կերտած առաջին մուլտիպլիկացիոն կերպարը Մորֆն է, որը եւ դառնում է BBC-ի «Մորֆիի զարմանալի արկածները» մուլտսերիալի գլխավոր հերոսն ու աստղը: Աարդման ստուդիան համագործակցում է նաեւ հոլիվուդյան ընկերությունների, այդ թվում DreamWorks Animation-ի հետ: 2005 թվականին նրանք արտադրում են իրենց համատեղ առաջին «Ուալաս եւ Գրոմիթ. մարդաճագարի անեծքը» լիամետրաժ մուլտիպլիկացիոն կինոնկարը:




























