Երեւանում, այսօր` սեպտեմբերի 15-ին, մեկնարկել է «Կրթության եւ բիզնեսի համագործակցության սերտացումը Հայաստանում» երկօրյա խորհրդաժողովը: ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացմանը մասնակցել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը,  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը:Արմեն Աշոտյանն անդրադառնալով կրթության որակին, իր խոսքում նշել է. «Առանց գործարար ոլորտի աջակցության, անհնար է իրականացնել կրթական բարեփոխումներ եւ ապահովել որակ: Հատկապես միջին մասնագիտական կրթության ոլորտում տնտեսվարողները պետք է նպաստեն աշախատաշուկայի պահանջներին համապատասխան կրթության պատվերի եւ բովանդակության ձեւավորմանը: Ի վերջո գիտելիքի եւ կրթության վերջնական սպառողը տնտեսական համակարգն է: Ակնհայտ է, որ կրթության որակն այնքանով արդյունավետ կլինի, որքանով գիտելիք ունեցող մասնագետը պահանջարկ կունենա տնտեսության մեջ»:

Դիմելով խորհրդաժողովին ներկա գործարար ոլորտի ներկայացուցիչներին, նախարարը նշել է. «Միջին մասնագիտական կրթության ոլորտում մենք բիզնես ոլորտի հետ պատրաստ ենք առավելագույնս ընդլայնված համագործակցության, պատրաստ ենք քննարկել ցանկացած առաջարկություն»: Կարեւորելով 2008 թվականից ԵՄ աջակցությամբ մեկնարկած միջին մասնագիտական ուսուցման ոլորտի բարեփոխումները` Ա.Աշոտյանը նշել է. «Հանրային ուշադրությունը միջին մասնագիտական կրթության նկատմամբ աճել է: Վերջին երկու տարիներին քոլեջներում եւ ուսումնարաններում թափուր տեղեր գրեթե չեն լինում: Սա շատ ուրախալի փաստ է, որովհետեւ մինչ այդ, տարիներ շարունակ միջին մասնագիտական  կրթական հաստատություններում դիմորդների խնդիր կար: Մինչդեռ համաշխարհային տնտեսության հիմնական ողնաշարը միջին մասնագիտական կրթությամբ կադրերն են կազմում»:

Ըստ նախարարի` մինչեւ տարեվերջ Հայաստանում կավարտվի տարածաշրջանային 12 քոլեջների ձեւավորումը: 2012 թվականից նախնական եւ միջին մասնագիտական կրթության  ոլորտում 50 տոկոսով կավելանա պետական պատվերը: Ներկայացնելով ՄԿՈՒ ոլորտում իրականցված բարեփոխումները, նախարարը նշել է, որ այս տարի, որպես հակակոռուպցիոն շրջադարձային քայլ, քոլեջներում եւ ուսումնարաններում ընդունելության քննությունները հանվել են:

Արմեն Աշոտյանը շեշտել է, որ տնտեսվարողներին պետք է ներգրավել կրթության կազմակերպման գործի մեջ, ակնկալելով ֆինանսական ներդրումներ` աշխատանքային պրակտիկայի կազմակերպման եւ կրթության բովանադակային այլ հարցերի համար: