Հայերն այժմ ներկայանում են աշխարհին ոչ թե որպես արարող, այլ որպես ուրիշի ստեղծածն օգտագործող եւ միաժամանակ «ինքնաթանգարանացման» ուղին բռնած ազգ: Այդ մասին այսօր` սեպտեմբերի  15-ին, մամուլի ասուլիսին  ասաց գերմանահայ PR մասնագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վազրիկ Բազիլը:

Բազիլի խոսքով` հայերը կիրառող են, բայց ոչ ստեղծագործող, քանի որ «կիրառում ենք ուրիշի ստեղծածը»: «Ո՞ւր է մեր ստեղծածը, որպեսզի տարբերվենք: Բայց դա չի նշանակում, որ հինը աղբ է, իսկ նորը` սրբություն, ոչ: Պետք է կարողանալ հինը ներկայացնել նորովի մոտեցմամբ, նոր գաղափարախոսությամբ»,- ասաց PR մասնագետը, առաջարկելով, ներկայացնել Նարեկացիի տաղերն ու «Մատյան ողբերգությունը» ջազի միջոցով:

Նրա գնահատմամբ` հայերը բնույթով դիակապաշտ են, որովհետեւ զբաղված են  ինքնաթանգարանացմամբ. «Գիտեք, որ թանգարանում շնչավոր չկա, անշունչն ու անկենդանն է այնտեղ, եւ եթե ուզում են կենդանի լինել, ապա պետք է ինքնաթանգարանացման գործընթացից հրաժարվեն: Հայերը սիրում են ապացուցել, որ հին են, առաջինն են ընդունել քրիստոնեությունը: Ասենք ապացուցեցին, ասենք` Ադամն ու Եվան էլ են հայ, հետո ի՞նչ: Ո՞րն է իմաստը, եթե հնությունը զուտ հնություն է մնում: Հնությունը հնությամբ, բայց դու ո՞վ ես այսօր, ի՞նչ նոր բան ես արարել»:  

Անդրադառնալով այն հանգամանքին, որ նորարարության համար գումարներ են անհրաժեշտ, նա նշեց, որ եթե ինչ-որ բան նախաձեռնելու համար մարդը պահանջում է մեծ գումար, նշանակում է, որ նա մտահղացում էլ չունի: Յուրահատուկ լինելու համար հաճախ անհրաժեշտ չեն մեծ ներդրումներ։ «Մենք պետք է ավելի քիչ ներդրում անենք բետոնի վրա եւ ավելի շատ՝ ուղեղի վրա»,– նշեց Բազիլը: 

Ըստ փորձագետի,  «ազգային բրենդ» ձեւավորելիս  անհրաժեշտ է ներկայանալ այնպես, ինչպես կանք: «Պետք չէ  ներկայանալ աշխարհին Շարլ Ազնավուրով, Շերլին Սարգսյանով, ովքեր այլ մշակույթի ծնունդ են, եւ ձեւավորվել են այլ մշակույթի ազդեցության ներքո:

Անդրադառնալով դրական միտումներին` Բազիլը նշեց, որ  դեպի դրականն է փոխվել արտերկրում հայ պաշտոնյաների կեցվածքը: Ընդամենը մի քանի անգամ լսելով նախագահ Սերժ Սարգսյանի ելույթները,  PR մասնագետը նշեց, որ Հայաստանի նախագահը ներկայանալի է, «խոսում է հանդարտ, առանց բառերը ծամծմելու»։