Գյումրիի Վ. Աճեմյանի անվան Պետական դրամատիկական թատրոնում, սեպտեմբերի 16-ին, Սփյուռքի նախարարության «Հայաստանում պոլսահայ համայնքի օրեր» ծրագրի շրջանակներում տեղի կունենա պոլսահայ «Դալար» երգի ու պարի համույթի ավանդական հայկական տարազների ցուցադրություն:
Սփյուռքի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցադրությանը կմասնակցեն պոլսահայ «Դալար» երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Ջուլիա Մութլուն եւ պոլսահայ համայնքի ներկայացուցիչ Սեւան Աթաօղլուն:
Պոլսահայ «Դալար» երգի ու պարի համույթը հիմնվել է 1997 թ.Մխիթարյան Սանուց միության հովանու ներքո: Խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավարը Ջուլիա Մութլուն է: 130 հոգուց բաղկացած պարի խմբի ստեղծվեց նաեւ երգչախումբ եւ նվագախումբ: 2006 թ. ստեղծվեց նաեւ «Դալարիկը», որի կազմում ընդգրկվեցին պատանի պարողները: 2008 թվականին խումբը տոնեց իր տասնամյակը գեղեցիկ ելույթներով:
2011 թ. «Դալարը» ներկայացրեց 85 կտորից բաղկացած ավանդական հայկական տարազների ցուցադրությունը, որը Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի տոնակատարությունների շրջանակում, սեպտեմբերի 16-20-ը կցուցադրվի Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում:




























