Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը պարզաբանել է մամուլի հրապարակումներն այն մասին, թե Գագիկ Ծառուկյան հիմնադրամի միջոցներով դեպի գերեզմանոց տանող ճանապարհի վերանորոգումը վերագրել է քաղաքապետարանին: Պարզվում է, խոսքը տարբեր ճանապարհների մասին է:

NEWS.am-ին հասցեագրված քաղաքապետի պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է.

«Հարկ եմ համարում ընդգծել, որ Չարենցավան քաղաքի նոր գերեզմանոց տանող ճանապարհն ասֆալտապատվել է Գագիկ Ծառուկյանի բարեգործական հիմնադրամի միջոցներով եւ այդ իրողությունն ինչպես իմ, այնպես էլ որեւէ մեկի կողմից երբեք չի վերագրվել որեւէ այլ անձի:Ավելին, Չարենցավան համայնքի բյուջեի սեփական միջոցներով ասֆալտապատվել է քաղաքի հին` N1 գերեզմանատան ճանապարհը, որն էլ գուցե հիմք է հանդիսացել; այս հարցի հնարավոր թյուրըմբռնման համար:

Այս ամենով հանդերձ պարզապես պետք է հորդորեմ ապարդյուն ջանքեր չգործադրել մեր եւ պարոն Գ. Ծառուկյանի միջեւ հնարավոր կոնֆլիկտներ որոնելու կամ ստեղծելու հարցում, միաժամանակ վստահաբար հավելեմ, որ դա որեւէ մեկի չի հաջողվելու:

Մեր եւ պարոն Գ. Ծառուկյանի միջեւ ձեւավորված են մարդկային ու բարեկամական ջերմ փոխհարաբերություններ եւ ես մշտապես շնորհակալությունն եմ արտահայտել պարոն Ծառուկյանի բազմակողմանի աջակցության համար»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ մամուլի հրապարակումների, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 10 մլն դրամով վերանորոգել է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի գերեզմանոց տանող ավտոճանապարհը, սակայն Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն եւ նրա քաղաքապետ որդին ամեն տեղ նստելիս ասում են, որ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանն է քաղաքապետարանի միջոցներով վերանորոգել փողոցը: