Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպում է «Համալսարանական կյանքն ԱՄՆ-ում» թեմայով դասախոսությունների շարք Երեւանում եւ մարզերում, որի ավարտին Երեւանում կհրավիրվի մեծ կրթական տոնավաճառ։ Դասախոսությունների շարքը կտեւի 10 ամիս:
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր ամիս ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող կրթական փոխանակման ծրագրերի շրջանավարտներն ու ԱՄՆ դիվանագետները կայցելեն ՀՀ մարզեր եւ հանդես կգան ԱՄՆում ուսանողական եւ գիտական հնարավորությունների ու տարբեր երկարաժամկետ ու կարճաժամկետ ծրագրերի դիմելու վերաբերյալ դասախոսություններով ու սեմինարներով։Այս ծրագրի առաջին դասախոսությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում:
Դասախոսությունը կվարեն՝ ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Շոն Օ’Հարան, ով կներկայացնի ԱՄՆ-ում համալսարանական կյանքը, ուսանողի առօրյան իր հարազատ Գուստավուս Ադոլֆուս Քոլեջում (Սենտ Պիտեր, Միննեսոտա) եւ Հայաստանի ԱՄՆ շջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն, JFDP ծրագրի 2009թ. շրջանավարտ Խաչիկ Գեւորգյանը, ով կխոսի Հարվարդի համալսարանում իր փորձառության եւ JFDP՝ երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրի մասին։




























