Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թունիս կատարած այցի ընթացքում հանդիպել է Թունիսի ժամանակավոր կառավարության ղեկավար Բեջի Ջաիդ Էսեբսիի հետ, որից հետո համատեղ մամուլի ասուլիս է կազմակերպվել:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը խոսել է պետություն-կրոն փոխհարաբերություններից՝ նշելով, թե ոչ թե մարդը, այլ պետությունը պետք է աշխարհիկ լինի: Մահմեդականը կարող է հաջողությամբ ղեկավարել աշխարհիկ պետությունը: Աշխարհիկ պետությունը ցանկացած կրոնական խմբից հավասար հեռավորության վրա է գտնվում եւ դրանց երաշխավորն է»,-ասել է Էրդողանը՝ շեշտելով, որ այդ հարցում Թուրքիային ծանոթանալով ամեն ինչ հասկանալի կլինի:

Իր հերթին Թունիսի ժամանակավոր կառավարության ղեկավար Բեջի Ջաիդ Էսեբսին նշել է, թե երբեք իսլամն ու ժողովրդավարությունն իրար չեն հակասել՝ պնդելով, որ իրենք Էրդողանի հետ քննարկել են պետություն-կրոն փոխհարաբերությունները: «Մենք համակարծիք ենք, որ արդարադատ պետությունը պետք է բոլոր կրոնական խմբերի ազատությունները ճանաչի: Մենք նշեցինք, որ դեմ ենք ցանկացած ծայրահեղության, թե աջակողմյան, թե ձախակողմյան: Թունիսը համագործակցելու է Թուրքիայի հետ քաղաքականության, տնտեսության եւ տուրիզմի զարգացման ուղղությամբ»,-նշել է Թունիսի ժամանակավոր կառավարության ղեկավարը:

Նշենք, որ Թուրքիայի վարչապետը մինչ Թունիս այցը, եղել էր Եգիպտոսում, իսկ Թունիսից հետո այցելելու է Լիբիա: