Կոալիցիա-Հայ ազգային  կոնգրես երկխոսության գործընթացում ակնհայտ ճգնաժամ է սկսվել, սակայն մեծ է հավանականությունը, որ այն կվերսկսվի, մանավանդ, որ ճգնաժամից դուրս գալու ցանկություն ունեն երկու կողմերն էլ։ Սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Ճգնաժամը կայանում է նրանում, որ իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ կապերը խզված են, սակայն երկու կողմերն էլ գործընթացը շարունակելու հնարավորություն են թողնում։ Ակնհայտ է, որ նույնիսկ ընդդիմության կոշտ հռետորաբանության պարագայում նա իրավիճակից դուրս գալու ելքեր է որոնում։ Եթե ընդդիմությունը վերադառնա իր այն դիրքերին, որոնք գրավել էր երկխոսությունից առաջ, այսինքն՝ հրաժարվի համագործակցության ցանկացած տարբերակից, վատ կլինի իր իսկ համար»,- նկատեց քաղաքագետը։

Անդրադառնալով Ազատության հրապարակում 500 հազար մարդ հավաքելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, որ այդքան զանգվածային հանրահավաքներ չեն եղել նույնիսկ 2008 թվականի փետրվարի 19-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում։ «Քանի որ ուժային ճնշումն այս առումով մեծ չի լինի, ապա ինչ-որ տարբերակ կգտնվի՝ կամ վերադարձ բանակցությունների, կամ ներկայիս վիճակի պահպանում, այսինքն՝ ինչ-որ հանրահավաքներ, որոնց մասնակցելու կգա զգալիորեն փոքրաթիվ զանգված։ Ավելի կարեւորը, սակայն, այդ զանգվածի որակն է։ Իսկ քաղաքական համակարգի վրա ճնշում գործադրելու համար մարդկանց որակն անբավարար է։ Խոսքը համազգային ճնշման մասին է։ Եթե նման ճնշում լինի, եւ իշխանությունն զգա դա, ապա այն կընկալվի որպես սպառնալիք։ Միայն այդ դեպքում իշխանության վարքի մեջ կարող են փոփոխություններ կատարվել»,- նշեց քաղաքագետը։

Իսկանդարյանի համոզմամբ, հանրահավաքներ այսուհետ եւս կլինեն՝ անկախ երկխոսությունը կվերսկսվի, թե` ոչ։ «Ընդդիմությունը հանրահավաքներ կանի եւ դրանց ժամանակ կքննադատի իշխանությանը, կոալիցիան էլ կքննադատի ընդդիմությանը։ Ավելին, քննադատությունները գնալով կուժեղանան։ Որքան ըւնտրությունները մոտենան, հռետորությունն ավելի ռադիկալ կդառնա, այնպես որ հակազդեցությունը միշտ էլ կլինի»,- ամփոփեց քաղաքագետը։Նշենք, որ երկխոսությունն ընդդիմության կողմից առկախվել էր օգոստոսի 26-ին։ ՀԱԿ-ը նշել էր, որ այն կվերսկսվի միայն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի (ում նրանք քաղբանտարկյալ են համարում) ազատ արձակումից հետո։