Ճապոնիայում, Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ, սեպտեմբերի 15-ին, Տոկիոյի հեղինակավոր համերգասրահներից մեկում՝ «Ասահի Հոլլ»-ում (Asahi Hall) տեղի է ունեցել հայ անվանի ջութակահար Հրաչյա Ավանեսյանի մենահամերգը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը, որն ընդգրկված էր Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսությունների ցանկում, ներկա էին Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի պատգամավորներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, խոշոր գործարարներ, մշակութային եւ գիտական կառույցների ներկայացուցիչներ:

Հրաչյա Ավանեսյանի կատարմամբ հնչել են հայ եւ եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական մեղեդիների մշակումներ, որոնք մեծ խանդավառությամբ եւ բերկրանքով ընդունվեցին ճապոնացի հանդիսատեսի կողմից:

Հայ արվեստի ուժը լավագույնս արտահայտվել է ոչ միայն տաղանդաշատ ջութակահարի երաժշտությամբ, այլեւ այն հանգամանքով, որ Ճապոնիայում համերգ ունենալու առիթով միջազգային հիմնադրամներից մեկը նրան էր վստահել իտալացի մեծ վարպետ Անտոնիո Ստրադիվարիի 1717թ. պատրաստած գործիքը: