«ՌեԱնիմանիա»-ի շրջանակներում, Հայաստանում է գտնվում Իտալիայից ժամանած անիմացիոն ֆիլմերի համար ձայնի ձեւավորման մասնագետ Անդրեա Մարտիգնոնին։ Նա հայ անիմատորների համար վարելու է «Ձայնային տարածություն եւ ձայնի ձեւավորում անիմատորների համար» արհեստավարժության դասընթացը, որի շրջանակներում հայ անիմատորները սկսելու են լսել քաղաքի ձայները, հավաքել դրանք եւ խմբագրել՝ ապագա ֆիլմի համար։ Սա անիմացիոն ֆիլմ ստեղծելու նոր ոճ է, այստեղ երաժշտությունն է թելադրում ֆիլմի սցենարը, եւ ոչ թե հակառակը, այստեղ ֆիլմի առանցքում հենց ձայնն է, որի վրա էլ հետագայում ստեղծվում է ողջ ֆիմը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Մարտիգնոնին ՝ նշելով, որ հետագայում արդեն հնարավոր է դասընթացի ժամանակ հավաքված ձայնային էֆեկտների հիման վրա ստեղծվի անիմացիոն ֆիլմ։
«Այս դասընթացի մասնակիցները կարծես դառնում են ակամա կոմպոզիտորներ, իսկ յուրաքանչյուր մշակած ձայնը կունենա իր յուրովի ոճը, որի հիման վրա կարելի է գրել սցենար եւ ֆիլմ պատրաստել»,-ասաց Ա. Մարտիգնոնին։ Նշենք, որ նրա պատրաստած երաժշտության հիման վրա ստեղծված ֆիլմերը կցուցադրվեն սեպտեմբերի 19-ին «Ակումբ»-ում։
Տեղեկացնենք, որ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը Երեւանում մեկնարկել է սեպտեմբերի 14-ին եւ տեղի կունենա մինչեւ սեպտեմբերի 19-ը։ Փառատոնի ընթացքում կներկայացվեն շուրջ 40 երկրների անիմատորների լավագույն ֆիլմերը։




























