Հայաստանի ԿԳՆ-ի կրթության պետական տեսչությունը նոր շենք ունի, այն գտնվում է Կոմիտասի 37 հասցեում: Նոր շենքի բացմանն այսօր` սեպտեմբերի 16-ին, մասնակցել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իր շնորհավորանքի խոսքում, Աշոտյանը նշել է. «Տեսչությունը երկար տարիներ աշխատում էր խոնավ, առանց արեւի լույսի, կենցաղային նվազագույն պայմաններ չունեցող մի անկյունում: Նոր շենքում ստեղծված բարենպաստ պայմանները, հուսով եմ, ազդակ կհանդիսանան ավելի լավ աշխատելու եւ կրթության վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու համար»:
Նախարարն անդրադարձել է Կրթության պետական տեսչության լիազորություններն ընդլայնելու նպատակով նախատեսվող օրենսդրական փոփոխությունների նախագծին եւ ընդգծել. «Կրթության եւ գիտության նախարարությունն առաջարկում է տեսչության լիազորություննեը ընդլայնել` ներառելով նաեւ միջին եւ բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտները: Այսօր տեսչությունը իր լիազորություններն իրականացնում է միայն նախադպրոցական, հանրակրթական եւ նախնական մասնագիտական կրթության մակարդակներում, ինչը մեզ թույլ չի տալիս կրթական համակարգում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ ապահովել լիարժեք հսկողություն:
Կոռուպցիոն ռիսկեր, օրենքի խախտումներ եւ ընդհանրապես մտահոգիչ խնդիրներ կան, ոչ միայն դպրոցներում, այլեւ բուհերում եւ քոլեջներում նույնպես: Մենք ստանում ենք բազմաթիվ դիմում-բողոքներ, եւ պարտավոր ենք տեսչական գործիքի շնորհիվ արձանագրել եւ արձագանքել այդ դեպքերին: Այդ աշխատանքն առավել արդյունավետ իրականացնելու համար ստեղծվել են տեսչության 4 տարածքային բաժիններ` հյուսիսային, հարավային, արեւմտյան եւ արեւելյան»:
Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով տեսչության աշխատակիցներին անհրապույր պայմաններում բնականոն աշխատելու համար, նշել է, որ բարեփոխումների արդի փուլում, երբ առաջնահերթ է դիատարկվում կրթության որակի ապահովումը, առավել կարեւորվում է տեսչության հետեւողական եւ օպերատիվ աշխատանքը:




























