Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` սեպտեմբերի 16-ին, Արմավիրի մարզում ծանոթացել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ- Հայաստան» ծրագրով ոռոգման համակարգում իրականացված աշխատանքներին: ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Հովսեփյանը, պատասխանատու այլ անձինք: Փոխվարչապետը նախ եղել է Ապագա գյուղում, որտեղ ավարտին են մոտենում նախկինում չգործող խորքային հորի վերականգնման աշխատանքները: Այն արդեն պատրաստ է շահագործման: Արատաշարում Ա.Գեւորգյանը ծանոթացել է պոմպակայանի վերականգնման աշխատանքների ընթացքին: Պոմպակայանը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերի վերջին, ներկայումս ընթացքի մեջ են մոնտաժման եւ փորձարկման աշխատանքները: Փոխվարչապետը հանձնարարել է մինչ շահառուին հանձնելը արագացնել փորձարկումը, շտկել հնարավոր թերությունները:
Երասխահուն համայնքում Ա.Գեւորգյանին ներկայացվել է նոր ջրագծի կառուցման աշխատանքների ընթացքը: Շուրջ 1 մլն դոլարի ներդրմամբ կառուցվել է 3 կմ-անոց նոր ցանց, որը փոխարինելու է դրենաժային հին համակարգին: Կատարվել է աշխատանքների 90 տոկոսը, մնացած մասն ավարտին կհասցվի առաջիկա շաբաթվա ընթացքում: Փոխվարչապետը ներկա է գտնվել նաեւ համայնքի միջնակարգ դպրոցի անվանափոխությանը նվիրված արարողությանը: Դպրոցն այսուհետ կրելու է ազատամարտիկ Մարտիկ Գեւորգյանի անունը:




























